Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունաստանում մեդալի համար կպայքարեն Հայաստանի երեք պատվիրակներ

Սպորտ
sport-chess-junior1

Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակներից մրցանակային տեղերի համար շարունակում են պայքար մղել միայն երեք հոգի: Առաջին կարգային Արփինե Գրիգորյանը մինչեւ 14 տարեկան աղջիկների մրցաշարում 7 միավորով բաժանում է 2-6-րդ տեղերը: Իններորդ տուրում նա սեւերով ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ, ռուսաստանցի Ալեքսանդրա Օբոլոնցեւայի հետ: Այսօր Արփինե Գրիգորյանը սպիտակներով կմրցի հնդկուհի Ագրավալ Վանտիկայի հետ: Մինչեւ 14 տարեկան շախմատիստների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը նույնպես 7 միավոր է վաստակել 9 տուրից հետո եւ շարունակում է հետապնդել առաջատար երկյակին: Անցած պարտիայում նա հաղթել է կանադացի Ռիչարդ Չենին: Այսօր Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի հնդիկ շախմատիստ Հիրտիչկեշին: Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցանակային տեղի համար պայքար է մղում նաեւ մեր 16-ամյա շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը 7 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա 9-րդ տուրում սպիտակներով հաղթել է ուկրաինացի Եվգենի Շտեմբուլյակին, իսկ 10-րդում կփորձի միավոր վաստակել ՖԻԴԵ-ի վարպետ, բելգիացի Նիկոլա Կապոնեից: Մեր մյուս պատանի շախմատիստ-շախմատիստուհիները, ավաղ, չկարողացան դիմանալ չեմպիոնական մրցավազքին եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից: Մասնավորապես, 14-ամյա Արամ Հակոբյանը եւ 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը 9-րդ տուրում ցավալի պարտություն կրեցին եւ վերջնականապես զրկվեցին մրցանակային տեղ գրավելու հնարավորությունից: