Վիկտոր Դալլաքյանն ու Հրայր Թովմասյանը կպայքարեն պայմանավորված խաղերի դեմ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի առաջարկությամբ ՀՖՖ-ում հատուկ հանձնախումբ է ստեղծվել, որը կուսումնասիրի ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն եւ առաջին խմբերի առաջնությունների բոլոր հանդիպումները եւ կտա մասնագիտական եզրակացություններ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, այսօր կայացած գործադիր կոմիտեի հերթական նիստի օրակարգում ընդգրկված է եղել «Ապօրինի խաղադրույքների եւ պայմանավորված խաղերի հետ կապված առկա խնդիրների, հնարավոր սպասվելիք վտանգների եւ դրանց դեմ ձեռնարկվելիք միջոցների մասին» հարցը: ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեի անդամներին ասել է, որ միջազգային ֆուտբոլում նկատվող առկա երեւույթներ հնարավոր առկայություն ունեն նաեւ հայկական ֆուտբոլում: Այդ իսկ պատճառով ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները համաձայնել են ստեղծել վերը նշված հանձնախումբը՝ հետեւյալ կազմով. Հրայր Թովմասյան, Վիկտոր Դալլաքյան, Էդիկ Մարգարյան եւ Լեւոն Հասրաթյան: Սակայն հարկ է նշել, որ ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի սույն անդամները ֆուտբոլի մասնագետներ չեն, ուստի նրանք դժվար թե կարողանան մասնագիտական լուրջ եզրակացություններ անել: