«Մեր երկրի գաղափարախոսությունն է՝ շատ աշխատացնեն, քիչ փող տան»
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատողներն այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել՝ պահանջով, որպեսզի «Նաիրիտը» վերագործարկվի: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում գործարանի նախկին աշխատակից, քիմիկոս Անահիտ Մանուկյանն ասաց, որ այնքան են գալու՝ մինչեւ իրենցից հոգնեն: «Առանց «Նաիրիտի» Հայաստանում տնտեսություն չկա, եւ Հայաստանը չի կարող զարգանալ»,-նշեց նա: Գործարանի մեկ այլ նախկին աշխատակից Նորիկ Ղահրամանյանը նշեց, թե դարձել է «դիվանագետ», աշխատանք չունի. «Մեր խնդիրն է, որ գործարանը նորից վերագործարկվի, որ աշխատատեղ բացվի, կարողանանք մեր գոյությունը պահպանել: Ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում եւ ինչի՞ ընդունեն, եթե մի հոգին կարա 5-10 հոգու տեղ աշխատի: Մեր երկրի գաղափարախոսությունը դա է՝ քիչ մարդ պահեն, շատ աշխատացնեն, քիչ փող տան»,-ասաց նա: Մեր հարցին, արդյոք, որեւէ մեկը հանդիպե՞լ է նրանց հետ, Նորիկ Ղահրամանյանը պատասխանեց. «Ոչ մեկը չի ցանկանում հանդիպել, բանակցել, խոսել: Աղքատին ոչ ոք չի սիրում, աղքատի վրայից շատ հոտ է գալիս, դրա համար բոլորը հեռու են կանգնում, բայց աղքատի շնորհիվ է, որ նրանք ունեն իրենց պաշտոնները»: