Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հիշեք ձեր ծնողներին ու պապերին, որոնք հաց չունեին, սակայն շատ երեխաներ էին ունենում» (տեսանյութ)

Հասարակություն
29c4bde576fcffacd95325f1c2b02b1c

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կողմ են: Այս նախագծով առաջարկվում է չաշխատող մայրերին եւս աշխատող մայրերին հավասար տալ ամսական 18 հազար դրամ նպաստ: Ըստ տիկին Զոհրաբյանի՝ եթե այս նախագիծը չընդունվի, այն ըմբոստություն կառաջացնի. «Չաշխատող մայրերը իրենց կամքով չէ, որ չեն աշխատում. չմոռանանք՝ որտեղ ենք ապրում, մի երկրում, որտեղ գործազրկությունն ու աղքատությունն անցել են բոլոր սահմանները: Չաշխատող մայրերը լոդր չեն, ու թյուր է այն կարծիքը, թե չեն ուզում աշխատել: Մենք պետք է կարողանանք նրանց ապահովել աշխատանքով ու տեսնենք, թե քանիսն են իրենց կամքով հրաժարվում աշխատանքից»: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում եղան ցայտուն նախադեպեր, երբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կանայք, գործատուների հետ գործարքի գնալով, միլիոնավոր դրամներ նպաստ ստացան ծննդյան ու հետծննդյան շրջաններում. «Ամսական 18 հազար դրամ, որ ստանալու են չաշխատող մայրերը, ընդամենը չնչին գումար է՝ երեխայի հոգսերը հոգալու համար: Արդարության սկզբունքը պետք է պահպանենք: Մենք կողմ ենք քվեարկելու այս նախագծին»: Իսկ հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կոչ արեց հիշել նախնիներին. «Հիշեք ձեր ծնողներին ու պապերին, որոնք հաց չունեին, սակայն շատ երեխաներ էին ունենում: Նայեք հարուստներին՝ ինչքան քիչ երեխա են ունենում: Ժողովրդագրական խնդիրը պետք չէ բերել սոցիալական ոլորտ: Սոցիալական  ոլորտը անհրաժեշտը չէ, բավարարն է: Գերմանիայում յուրաքանչյուր երեխայի ծնունդին նպաստ չեն տալիս, սակայն մինչեւ տասնվեց տարեկան դառնալը տալիս են 150 եվրո»: