Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրոնային ծրագիրը թույլ կտա վերահսկել ընտրացուցակները

Հասարակություն
hoktanyan

«Թրանսփարենսի Ինթերնեշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնն արդեն չորրորդ անգամ ընտրությունների ժամանակ կգործարկի էլեկտրոնային մոնիթորինգի իր ծրագիրը: Դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդառաջ՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց elections.trancparency.am կայքի առանձնահատկությունները եւ խոսեց դրա անհրաժեշտության մասին: «1995 թվականից սկսած՝ մեզ մոտ անընդհատ այդ խնդիրը կա. կան կասկածներ ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք հիմնվում էին տարբեր ենթադրությունների վրա: 2012 թվականի եւ դրան հաջորդող ընտրությունները ցույց տվեցին, որ խախտումներն ավելի շատ վերաբերում են ընտրացուցակների ուռճացմանը»,-ասաց Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ եթե նախկինում ընտրակեղծիքները կատարվում էին կոպիտ ձեւով՝ տեղամասերում լցոնումներ անելով, ապա հիմա ավելի թեթեւ ու քողարկված են արվում: Վարուժան Հոկտանյանն առանձնացրեց այն, որ ցուցակներում առկա են արտագաղթած անձանց անունները, որոնք ոստիկանությունը հեռացնելու իրավունք չունի: Անդրադառնալով էլեկտրոնային մոնիթորինգի ծրագրին՝ «Թրանսփարենսի Ինթերնեշընըլի» գործադիր տնօրենը նշեց, որ իրենք ոստիկանության եւ ԿԸՀ-ի պաշտոնական կայքերից վերցրել են ՀՀ ընտրողների տվյալներն ու ներբեռնել իրենց կայք: «Հիմնական նպատակն այն է, որ ընտրությունների մասնակիցները կարողանան եւ’ նախքան քվեարկությունը, եւ’ դրա ժամանակ ու քվեարկությունից հետո վերահսկել եւ նվազեցնել հնարավոր խախտումների մասշտաբը: Սա ավելի շատ պետք է վերահսկողներին եւ այն ուժերին, որոնք շահագրգռված են մաքուր ընտրություններ անցկացնել», -նշեց Հոկտանյանը՝ հավելելով, որ շարքային քաղաքացիները նույնպես կարող են օգտվել ծրագրից: