Սուքիաս Ավետիսյանը խորհուրդ է տալիս ոմանց՝ «բերանները մինչև ստամոքսները չբացել» (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր ԱԺ-ում մինչ իր հայտարարությունն անելը՝ նախ խոսքը ուղղեց որոշ ընդդիմադիր պատգամավորների, սակայն առանց կոնկրետ անուններ նշելու. «Ի սկզբանե պարզ է և կարծես թե օրինաչափություն է դարձել, երբ ընդդիմադիր դաշտը տեսնում է, որ ինքն այլևս անելիք չունի և պարտված է ցանկացած ոլորտում։ Առաջիկա հանրաքվեն կլինի, ընտրություններ կլինեն , թե մեկ այլ բան, փորձում են տուրք տալ իրենց այն խոսքերին, որոնք ավելի շատ փողոցային աուդիտորիային է հարիր և բերանները մինչև ստամոքսները բացում են, որը ինձ համար անընդունելի է: Բազմիցս կոչ եմ արել, որ եթե կան քաղաքական խնդիրներ, ապա փորձենք այդ խնդիրները քաղաքական բառապաշարով լուծել, ոչ թե հեռուստատեսությամբ և ԱԺ ամբիոնն օգտագործելով՝ հանիրավի փորձենք մարդկանց անուններ կպցնել: Ճիշտն ասած ամոթ է, որ մեր ժողովուրդը լսի, որ Աժ-ում կան նման մարդիկ և նման խոսքերով փորձում են մարդկանց ինչ-որ բան հասցնել»,- ասաց նա՝ հավելելով նաև իր կարծիքով՝ նման մարդկանց հանրությունը չի ուզում լսել, քանզի դա գռեհիկ է և ոչ ընդունելի ԱԺ պատգամավորի համար: Իսկ ՀՀԿ պատգամավորի բուն հայտարարությունը վերաբերում էր Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչությունների և ռուսական Ա-321 օդանավի կործանումից հետո՝ Ֆրանսիա կամ Եգիպտոս մեկնելու համար քաղաքացիների և տուրգործակալությունների միջև ծագած խնդիրներին: