«Հողեր կզիջենք, եթե հասնենք Բաքու». Արթուր Եղիազարյան (տեսանյութ)
Ղարաբաղը շրջապատող տարածքներն Ադրբեջանին հանձնելու մասին Լեւոն Մարտիրոսյանի հայտարարությունը «Այո-Ոչ» շոուի երեկվա իրիկնային թեման էր։ Հանրապետական Մարգարիտ Եսայանը կոչ է անում չհավատալ՝ ոչ ոք չի պատրաստվում տարածք զիջել. «Մենք այսօր ունենք երկրորդ անկախ հայկական հանրապետությունը, եւ սա եղել է մեր իշխանության, այսինքն, հանրապետականի եւ բոլորիս ջանքերով»։ «Ոչ»-ական Գուրգեն Եղիազարյանը հիշեցնում է, որ Հայաստանը բանակցությունների մեջ է, այնտեղ հերոսական ճառերը տեղ չունեն. «Հողերը, ցավոք սրտի, հանձնելու ենք, մի մասը»։ Եղիազարյանի քաղաքական կոլեգան հարգում է նրա արած գործերը, սակայն նրա սերնդին ակնարկում է՝ գուցե լռե՞ք. «Ոչ մեկին ոչինչ չունենք տալու»,- ասում է Արմեն Մկրտչյանը։ Դաշնակցական Արթուր Եղիազարյանը պարզաբանում է, թե տարածքներ հանձնելու ընկալման սխալը որտեղից է գալիս. «Այսօր չունենք մենք ազատագրված տարածքներ, կան Լեռնային Ղարաբաղի վարչական շրջաններ, էնպես որ մոռացեք սրա մասին»։ Արթուր Եղիազարյանը նույնպես դեմ չէ հողեր զիջելուն, սակայն մի դեպքում՝ եթե արդեն պատերազմով հասել ենք Բաքու. «Եթե Բաքվի մատույցներում պատերազմը վերջանա, մենք պատրաստ ենք մինչեւ Քուռը հանձնել, այս դեպքում կարելի է հող տալ»։ Բոլոր ժամանակների ընդդիմադիր Վարդան Խաչատրյանը լսել է, որ սահմանադրական փոփոխություններով Հանրապետականները հենց գրավված տարածքներն են ուզում հանձնել. «Չեմ ցանկանում հավատալ էն բանին, որ էս Սահմանադրությունը մի յուրօրինակ դավադրություն է, որը բերել է մեր իշխանությունը Հայաստան, որ էդ հողերը հանձնելու տարբերակ լինի»։ Մարգարիտ Եսայանը հիշեցնում է՝ նման բան չկա, եւ չի ուզում տարածքներ զիջելուց խոսել որպես հայ. «Էս թեման ընդհանրապես ուղեղներիցդ հանեք, որովհետեւ մենք մեր տանը նստած չենք խոսում, այս հաղորդումը կարող են դիտել մեր թշնամիները»։