«Արթիկում մենակ տաքսիստներն ու փալաս ծախողներն են մնացել, թող նրանցից ձայն խնդրեն»
«Էս ինչի՞ են Արթիկ եկել, մի հաշիվ կլինի, որ եկել են»,- տեսնելով «Այո և Ոչ» հեռուստանախագծի մասնակիցներին՝ բացականչում է Արթիկի Անկախության հրապարակում ընկերոջ հետ զրուցող Գրիգորը։ Սոչիից երկու օր առաջ է վերադարձել, արտագնա աշխատանքի էր մեկնել։ «Սաղս դռները փակ Ռուսաստաններում ենք, Արթիկը մեծ գեղ է դարձել։ 30000 մարդուց 10000 հազիվ ըլնեն»,- ասում է նա։ Իմանալով, որ Երևանից եկած հյուրերը սահմանադրական փոփոխությունների քարոզի համար են ժամանել Արթիկ, Գրիգորն արձագանքում է. «Դրանք ինչ երես ունեն, որ մեզ բան են ուզում բացատրել։ Արթիկում մենակ տաքսիստներն ու փալաս ծախողներն են մնացել, թող գնան նրանցից ձայն խնդրեն, տեսնենք ինչ պատասխան կստանան։ Էդ մի երկու հոգին էլ պարտքերի ու վարկերի տակ են, դրա համար էլ չեն կարողանում գնալ»։ Ըստ նրա՝ ժողովուրդը դադարել է հավատալ իշխանություններին. «Տելեվիզրով ընենց լավ են խոսում, թե էս ու էն կանեն մեզ համար, բայց ավելի է վատացել ամեն ինչ»։ Մեկ այլ արթիկցի՝ Արշավիրը խոսում է քաղաքացիների վրա գործադրվող ճնշումների մասին. «Սաղ մանկապարտեզների ու դպրոցների տնօրենները հանրապետական կուսակցությունից են, արդեն կանչել ասել են ամեն մեկը քանի ձայն պետք է ապահովեն»։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ հրահանգները չկատարեն, Արշավիրը նշում է. «Չեն հանի, դուք ինձանից լավ գիտեք, հաջորդ օրը գործից կհանեն»։