Հայաստան – Ադրբեջան հակամարտություն՝ հեռավոր Իսլանդիայում
Շախմատի Հայաստանի հավաքականներն այսօր կանցկացնեն 7-րդ հանդիպումը Իսլանդիայում շարունակվող Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր տղամարդկանց ընտրանին ուժերը կչափի Լեհաստանի թիմի հետ, որն իր վարկանիշով 8-րդն է մասնակիցների մեջ: Մերոնք հանդես կգան մարտական կազմով՝ Լեւոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսեսյան, Հրանտ Մելքումյան: Հանդիպումն անչափ կարեւոր նշանակություն ունի երկու թիմերի համար, քանի որ ներկայումս դրանք բաժանում են 4-10-րդ տեղերը եւ դեռ հավակնում են մրցանակային տեղերի: Անհաջողության մատնվող հավաքականը, միանշանակ, կզրկվի այդ հնարավորությունից: Հայաստանի կանանց հավաքականին այս տուրում բավական անցանկալի մրցակից է բաժին հասել՝ հանձինս Ադրբեջանի ազգային թիմի: Մեր ընտրանին այդ խաղին նույնպես ներկայանալու է հիմնական կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Լիլիթ Գալոյան, Մարիա Կուրսովա: Հանդիպումը ավելի մեծ նշանակություն ունի Հայաստանի հավաքականի համար, որը 7 միավոր է վաստակել եւ լավ շանսեր ունի պայքարելու մեդալների համար: Ադրբեջանը մեկ միավոր քիչ ունի եւ ավելի շատ է ետ մնում առաջատարներից: