Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշիկ Ալավերդյան. «Երիտասարդներն իրենց դրսեւորեցին իսկական մարզիկի նման»

Սպորտ
sport-shtanga

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը բավարար է գնահատում մեր թիմի ելույթը վերջերս կայացած աշխարհի առաջնությունում: «Թիմի ելույթը գերազանց կլիներ այն ժամանակ, եթե տարբեր գույնի եւ որակի մեդալներ նվաճեինք: Դա մեզ չհաջողվեց, սակայն մենք կատարեցինք մեր առջեւ դրված գերխնդիրը՝ պահպանեցին օլիմպիական խաղերի բոլոր ուղեգրերը», - «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց փորձառու մասնագետը: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կայացած առաջնությունում մեր ծանրորդները երեք բրոնզե փոքր մեդալ էին նվաճել: Փաշիկ Ալավերդյանը դա առաջընթաց է համարում. «Նրանք դեռեւս երիտասարդ են եւ նման խոշոր ստուգատեսներին մասնակցելու մեծ փորձ չունեին, բայց իրենց դրսեւորեցին իսկական մարզիկի նման. մրցումների ժամանակ ավելի բարձր արդյունք ցույց տվեցին, քան՝ մարզումներին: Բոլորն էլ առաջադիմելու հիմքեր ունեն»: Հավաքականի գլխավոր մարզչին անակնկալի է բերել միայն աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի թույլ ելույթը. «Մենք մեծ սպասելիքներ ունեինք Տիգրանից, անգամ մտածում էինք, որ նա կպայքարի ոսկե մեդալի համար: Սակայն նրա մոտ չստացվեց: Հավանաբար նրան խանգարեց աշխարհի տիտղոսը վերադարձնելու մեծ ցանկությունը: Չնայած ձախողմանը, նա մնում է հավաքականի լիարժեք անդամը, կշարունակի մարզումները եւ կպատրաստվի եկող Եվրոպայի առաջնությանը: Մենք դեռեւս սպասելիքներ ունենք նրանից»: 2016 թվականի օլիմպիական խաղերում Հայաստանից հանդես կգան հինգ ծանրորդներ: Ըստ Փաշիկ Ալավերդյանի հենց աշխարհի առաջնությանը մասնակցած ծանրորդներն են կպատրաստվեն Ռիոյի խաղերին. «2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո կորոշենք, թե սույն վեց մարզիկներից ովքեր կմասնակցեն օլիմպիական խաղերը: Հուսանք, որ մինչեւ Ռիո մեկնելը մեր ծանրորդները լուրջ վնասվածքներ չեն ստանա եւ ստիպված փոփոխություն չենք կատարի վերջին պահին»: