Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  Երևան-Սևան ճանապարհը փակել են որդու կալանավորման պատճառով

Հասարակություն
23.03.12-8523սևան-երևան-մայրուղի

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն այսօր իր մոտ է հրավիրել պատասխանատուներին՝ պարզելու համար, թե ինչու էին Նորատուս գյուղի բնակիչները ի նշան բողոքի փակել Երևան-Սևան ճանապարհը: «Տղան կալանավորված է, ծնողները   համաձայն չեն:  Կարծում են, որ դա ճիշտ վերաբերմունք չէ»,- այսօր «Ա1+»-ին ասաց Գեղարքունիքի մարզպետը: Այսօր բողոքի ակցիա կազմակերպած Նորատուս գյուղի բնակիչները նշել էին, որ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազը չարաշահում է պաշտոնական դիրքը եւ մարդկանց անհիմն կալանքի ենթարկում, ինչի իրավունքը չունի: «Կա իրավապահ համակարգ, իրենք են որոշում՝ կալանավորեն, թե ոչ: Կարծում եմ, որ եթե չլիներ քրեական տարր, գործ չէր հարուցվի, ամեն մեկը իր ձեւով է մեկնաբանում խնդիրը, թողնենք իրավապահ  մարմիններին»,-ասաց նա: Մարզպետը հավաստիացրեց, որ այս պահին ճանապարհը բաց է եւ Նորատուս գյուղի բնակիչները հեռացել են՝ առաջիկայում հարցի վերաբերյալ հստակեցում ստանալու հույսով: Ի դեպ, երբ առավոտյան զանգահարեցինք մարզպետին, նա հերքեց ճանապարհ փակելու լուրը՝ նշելով, որ այդպիսի բան չկա: