«Դու միշտ կարող ես կանխարգելել ապօրինի գործողությունները». Թեհմինե Ենոքյան
«Ա1+»-ն իր հատուկ խորագրում շարունակում է ներկայացնել քաղաքացիական հասարակության ակտիվ կանանց: Այս անգամ մեր հերոսուհին լրագրող, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանն է:
Լրագրող-ակտիվիստ բառակապակցությունն անսովոր է հնչում, քանի որ լրագրողն իր մասնագիտական պարտականությունները կատարելիս պետք է չեզոքություն պահպանի: Ինչպե՞ս է քո դեպքում:
Հանրային դաշտում կայացել եմ մինչեւ լրագրողական գործունեությունն սկսելը, բայց երբեւէ չի եղել այդ խոչընդոտը, որ լրագրող ես, պետք է կարծիք չհայտնես, թեպետ երբեմն հնչում էր, թե էթիկայի նորմեր եմ խախտում: Ես նախեւառաջ քաղաքացի եմ, հետո՝ լրագրող: Ես հարկատու եմ, սպառող: Ես էլ եմ օգտվում տրանսպորտից, գազից, հոսանքից, ես էլ ունեմ բոլոր այն իրավունքները, ինչը որ մյուս քաղաքացիները: Այլ բան է, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս կարողանաս պահպանել չեզոքությունը՝ ներկայացնելով երկու կողմերի ասելիքը: Սակայն միշտ չէ, որ դա ստացվում է, քանի որ բողոքավոր կողմը միշտ ներկայացնում է իր պահանջը, իսկ մյուս կողմը նախընտրում է լռել՝ արհամարհած ունենալով բողոքողներին:
Երբ իմ գյուղում՝ Գնդեվազում, ես բախվեցի իմ հանրային շահերի խախտման լուրջ խնդրի, այլեւս անհնար էր չեզոքություն պահպանել: Ամուլսարի շահագործման արդյունքում իմ գյուղը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ: Դեռեւս 2006 թվականին «Գեոթիմը» ցանկություն հայտնեց այնտեղ հանքարդյունաբերությամբ զբաղվել, սակայն պատշաճ հանրային լսումներ չիրականացրեց: Կոնկրետ իմ դեպքում շահերի բախում տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նրանք ծիրանի մեծ հողատարածք ունեցող անձանցից ուղղակի գնեցին այդ հողերը՝ ավելի փոքր հողատարածք ունեցողների համար ստեղծելով այնպիսի մի իրավիճակ, որ նրանք ստիպված վաճառեն դրանք, քանի որ հանքի շահագործումից հետո ունենալու ենք աղտոտված հող եւ չենք կարողանալու իրացնել բերքը: Բացի այդ, խախտվում է իմ՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքը: Համայնքի 11 ներկայացուցիչով դիմել ենք վարչական դատարան եւ ստացել պատասխան, թե մենք իրավունք չունենք վիճարկել մեր խախտված իրավունքը, քանի որ դա կարող է անել համայնքի ղեկավարը: Այնինչ, առաջին հող ծախողը հենց նա է եղել:
Ի՞նչ լուրջ խնդիրներ կառանձնացնես բնապահպանության ոլորտում:
Շատ արմատական խնդիրներ ունենք, որոնց վրա կառուցվել են բոլոր մյուս խնդիրները: 50 տարուց ավել է՝ կա Զանգեզուրի գործարանի հարցը, որը միշտ լինելու է: Երեխաների մազերում ծանր մետաղների քանակությունը շարունակում է մեծանալ, մարդիկ ադապտացվել են ծանր մետաղներին: Ունենք Թեղուտի խնդիրը, որտեղ երբ կոպեկներով հողեր գնեցին ժամանակին, գյուղացիներն ուրախացան, իսկ այժմ այլեւս չեն կարող այնտեղ աշխատել, որովհետեւ փորելու- քանդելու- թափելու գործն ավարտվել է, եւ հիմա լուրջ մասնագետների կարիք ունեն այնտեղ: Ամուլսարի շահագործումից տուժելու են մի շարք համայնքներ, սակայն դա ակնհայտ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Թեղուտը պոչամբար չունենա: Ջերմուկցին չի զգա այդ լուրջ խնդիրները, քանի Ջերմուկում այլեւս հանգստացողներ չլինեն, որովհետեւ հանքը չես կարող սեղանի տակ պահել:
Կարո՞ղ ես նշել այն կարեւոր շարժումները, որոնք հաջողություն կամ հաղթանակ են գրանցել:
Քաջարան գյուղի դեպքը կառանձնացնեմ, որը մեր անկախության 25 տարվա պատմության մեջ բացառիկ էր, երբ 181 ՀԱ հողատարածք պետք է օտարվեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանին, սակայն գյուղապետը դեմ գնաց վարչակազմին՝ հայտարարելով, որ ոչ մի թիզ հող չեն զիջելու եւ որեւէ տեսակի պայթեցում թույլ չեն տալու: Դա օրինակ է ծառայել շատ գյուղերի համար: Օրինակ՝ Մարց գյուղի, երբ ՀԷԿ-ի կառուցման ժամանակ առաջին անգամ գյուղացիները ըմբոստություն ցուցաբերեցին՝ խողովակները ուղղակի նետելով գետը: Հաղթանակի օրինակ եղել է 100 դրամի շարժումը, Մաշտոցի պուրակը: Կիսով չափ հաղթանակ էր նաեւ «Դեմ եմ» -ը, որի մասին մենք դեռ կլսենք մի քանի տարի հետո:
Հաճախ ես հայտնվել բախումային իրավիճակներում: Ի՞նչ խորհուրդ կտաս անել նման դեպքերում:
Նախեւառաջ պետք է գիտակցել սեփական իրավունքները: Բախումային իրավիճակում պետք է հիշել, որ երբեք ու երբեք չի կարելի ընկնել էմոցիաների դաշտ, քանի որ այդ դեպքում դու ոստիկաններին մանյովրելու տարածք ես թողնում եւ բերման ենթարկելու հիմքեր տալիս: Դու իրավունք չունես վիրավորել կամ հարվածել ոստիկանին, բայց դու իրավունք ունես պահանջել հարգել քո իրավունքները, հստակ ձեւակերպելու դրանք: Գիտակցված իրավունքն է ուժ:
Ինձ երկու անգամ բերման են ենթարկել ոստիկանություն եւ երկու դեպքերի համար էլ ես դիմել եմ դատարան, որովհետեւ երբ զիջում ես, դու ոստիկանությանը հնարավորություն ես տալիս հաջորդ անգամ նույն կերպ վարվելու: Իմ նվաճած իրավունքը օրինակ է, որ վաղը ուրիշ լրագրողի չտանեն բաժանմունք: Այդ իրավունքը միայն ինձ չէ պատկանում, այլ հանրային լայն մասշտաբների օգտագործման սոցիալական կապիտալ է, որով կարող ես կանխարգելել ոստիկանության ապօրինի գործողությունները:
Երբ դեկտեմբերի 2-ին 9 լրագրողի բերման ենթարկեցին, եւ մենք դիմեցինք դատարան, դա կարող էր կանխարգելել հունիսի 23-ի դեպքը, բայց, ցավոք, առ այսօր դեկտեմբերի 2-ի գործով չունենք վճիռներ: Բայց անցեք հունիսի 23-ին բերման ենթարկված լրագրողների հասցեներով եւ հարցրեք՝ քանիսն են դիմել վարչական դատարան: Ասում են՝ վնասված տեխնիկան վերականգնվել է, բողոք չունենք: Բայց այնպես չէ, որ 5000 դոլարով աղքատանալու էր ոստիկանությունը, դրանով ինքը միգուցե լրիվ ուրիշ հարց էր լուծում, ինչ գիտենք՝ ով ինչ էր նկարել եւ ինչ մինուս կարող էր գալ ոստիկանությանը, ինչ գրանտներից կարող էր զրկվել:
Ըստ քեզ՝ ի՞նչը կարող է քաղաքացիներին դրդել պայքարել սեփական իրավունքների համար:
Փողոց է դուրս գալիս այն մարդը, ով զգում է, որ իր արած գործողությունը արդյունավետության տեսակետից շատ կարեւոր կաթիլ է ամբողջ պրոցեսի մեջ: Օրինակ՝ հունիսի 23-ի առավոտյան քաղաքացիները ինքնակազմակերպվեցին եւ համարեցին, որ իրենց յուրաքանչյուրի ներկայությունը անվտանգություն եւ ապահովություն է մեկ ուրիշի համար: Երբ մարդուն ասում ես՝ արի հրապարակ, պլակատ բռնի, սառի, արեւածաղիկ չրթի ու գնա տուն, ինքը էլի պատրաստ է գալ, սառել, բայց իրեն էֆեկտիվ արդյունք է պետք: Քաղաքացին հոգնել է անարդյունավետ պայքարից: Եթե իրեն ասես՝ վեր կաց, զենքով գնում եք էս ինչ գործողությունն անելու, եւ նա իմանա, որ եթե դա անի, ունենալու է իքս արդյունք, կգա, կանի: Ես բռնության կոչ չեմ անում, պարզապես յուրաքանչյուր քայլ պետք է լինի կշռադատված ու արժեքավոր: Եթե քայլը արժեզրկվում է, քաղաքացին իրեն օգտագործված է զգում: Ես որեւէ ընդդիմադիր ուժի չեմ փորձում քննադատել, որովհետեւ նրանք էլ գուցե չգիտեն, թե ինչ է պետք անել: Ես համոզված եմ, որ նրանցից յուրաքանչյուրը փնտրտուքի մեջ է ու փորձում է գտնել լուծում: Միգուցե այս խմորումների արդյունքում քաղաքացիականի եւ քաղաքականի հիբրիդ ստեղծվի, որը հարցի վերջնական լուծում կտա ու այնպես կանի, որ վարչախումբը զիջումների գնա:
Զրուցեց Շուշան Շատիկյանը