Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է ամենատարեց եւ ամենափոքր դյուցազուններին
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ այսօր կայացել է «Դյուցազնագրքի» երկրորդ հատորի շնորհանդեսը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: Գրքի առաջին հատորդը լույս էր տեսել 2012 թվականին: «Դյուցազնագրքի» 2-րդ հատորում տեղ են գտել ավելի քան 125 հայ դյուցազունների 300-ից ավելի ռեկորդներ: Մեծացել է նաեւ ռեկորդակիրների աշխարհագրությունը՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը, Ջավախքը, նույնիսկ Ամերիկայի միացյալ նահանգները: Ողջունելով ներկաներին, ՀԱՕԿ նախագահը իր աջակցությունն է հայտնել գրքի հեղինակ Վարդան Թոմասյանին. «Հայերն իսկապես տաղանդավոր ազգ են եւ ես ուրախ եմ, որ կարող եմ նպաստել, որպեսզի այդ տաղանդները չկորչեն, այլ հակառակը իրենց տաղանդը օգտագործեն Հայաստանը զարգացնելու և աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Մենք տաղանդավոր երեխաներ շատ ունենք, միայն պետք է նրանց ունեցած շնորհն օգտագործելու համապատասխան պայմաններ ստեղծել», - ասել է Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահն դրամական պարգեւներ է հանձնել ամենատարեց եւ ամենափոքր մասնակիցներին: