Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնում է». Աբրահամ Խաշմանյան (տեսանյութ)

Սպորտ
sport-xashmanyan

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը տրամաբանական է համարում իր թիմի ներկայիս առաջատարությունը. «Ալաշկերտը» ներկայումս, իրոք, մեծ ներուժ ունի եւ ցույց է տալիս այնպիսի արդյունք, որը իրատեսական է»: Փորձառու մասնագետը, սակայն, գլխավոր ձեռքբերում է համարում այն, որ թիմը հաղթողի հոգեբանություն է ձեռք  բերել եւ բոլոր խաղերում իր առջեւ խնդիր է դնում հաղթանակ կորզել: Աբրահամ Խաշմանյանը, սակայն վաղ է համարում խոսել չեմպիոնության մասին. «Դեռեւս 13 տուր կա մինջեւ առաջնության ավարտը: Ամեն ինչ կարող է փոփոխվել 3-4 տուրերի ընթացքում: Եթե մենք ցանկանում ենք առաջնությունն ավարտել 1-ին տեղում, ապա պետք է ոչ միայն պահպանենք նույն ռիթմը, այլեւ ավելացնենք բոլոր առումներով»: Աբրահամ Խաշմանյանը լիովին գոհ է մրցաշրջան-2015-ից, չնայած ՀՖՖ-ի կողմից որոշվող Տարվա լավագույն մարզիչ մրցույթում ճանաչվել է երկրորդը. «Ալաշկերտը» տարին ավարտել է 1-ին տեղում, վստահ մտել է գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Եվրոպայի լիգայում առաջին անգամ հանդես գալով, մենք կարողացանք հաղթահարել առաջին արգելքը: Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի ընտրությանը, ապա կպատասխանեմ մեկ նախադասությամբ՝ «Այն, ինչը մեզ չի սպանում, մեզ՝ ուժեղացնում է»: Խոսելով առաջիկա պլանների մասին, փորձառու մասնագետն ասաց. «Մենք հունվար-փետրվար ամիսներին նախատեսել ենք երեք ուսումնամարզական հավաք՝ մեկը Հայաստանում, երկուսը՝ արտասահմանում: Պատրաստվում ենք հրավիրել չորս նոր ֆուտբոլիստներ, որոշ դիրքեր ավելի ուժեղացնելու համար: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերը եւ լիովին պատրաստի վիճակում կդիմավորենք առաջնության երկրորդ կեսը» - եզրակացրեց Աբրահամ Խաշմանյանը: