ՍԱՏԿԱԾ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԱԽԵՑՐԵԼ ԵՆ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիում հայտնաբերվել է սատկած մեկ աղավնի եւ մեկ ագռավ: Երկու դեպքում էլ կենդանիներին հայտաբերել են երեխաները: Խուճապի մատնված գյումրեցիներն անմիջապես դիմել են Շիրակի մարզի անասնաբուժական պետական տեսչություն:
Տեսչության աշխատակիցները դեպքի վայրում գտել եւ ուսումնասիրության են տարել սատկած աղավնուն, քանի որ ագռավը կորել է: Հետազոտությունից հետո պարզվել է, որ սատկած աղավնու մոտ բացակայել է թռչնի գրիպի հարուցիչը, եւ քաղաքացիների անհանգստությունն իզուր է եղել:
Ըստ Շիրակի մարզպետարանի անասնաբուժական պետական տեսչության բաժնի վարիչ Գագիկ Սարգսյանի` իրենք բնակիչներից օրական ստանում են 6-7 նմանատիպ ահազանգ, սակայն մինչ օրս թռչնի գրիպի որեւէ դեպք իրենց կողմից չի արձանագրվել: Այս առումով տեսչությունը պատրաստված է: Ձեռք են բերվել համապատասխան թեստեր, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել H5N1 հարուցիչը:
Կանխարգելիչ միջոցառումները եւս մասամբ կատարված են: Մինչ օրս մարզում պատվաստվել է 215 հազար թեւ թռչուն: Պատվաստանյութի բացակայության պատճառով չպատվաստված թռչունները մինչեւ ամսվա վերջ կպատվաստվեն:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ