Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրիասյանը շարունակեց հաղթարշավը

Սպորտ
shaxmat6

Երեւանում տեղի ունեցող շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունում արդեն ընդգծվել են չեմպիոնի կոչման գլխավոր հավակնորդները: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, որն այսօր կայացած 4-րդ տուրում հաղթեց Հովհաննես Գաբուզյանին եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 3,5-ի: Նրա հաջորդ մրցակիցը կլինի Լեւոն Բաբուջյանը, որն այսօր սեւերով պարտության մատնեց գործող չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանին եւ վաստակած միավորներով հավասարվեց 3-րդ տեղում ընթացող Արման Փաշիկյանին՝ 2,5: Աղյուսակի 2-րդ հորիզոնականում գտնվում է առաջնության մյուս ֆավորիտը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այս տուրում խնդիր չունեցավ վարպետության թեկնածու Նորայր Թորոսյանի հետ մրցախաղում: Վաղը կայանալիք 5-րդ տուրում նա սպիտակներով կփորձի հաղթահարել միջազգային վարպետ Արման Միքայելյանի արգելքը, որը առայժմ մեկ միավոր է վաստակել եւ եզրափակում է աղյուսակը: Կանանց առաջնության միանձնյա առաջատարն է 100 տոկոսանոց արդյունք ունեցող Մարիա Գեւորգյանը, որը 4-րդ տուրում սեւերով հաղթեց Արփինե Գրիգորյանին: Նրան շարունակում է հետապնդել Սուսաննա Գաբոյանը, որը սեւերով խաղալիս ոչ մի շանս չտվեց միջազգային վարպետ Նարինե Գասպարյանին եւ երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա այժմ ունի 3 միավոր եւ ընդամենը կես բալով է գերազանցում Աննա Հայրապետյանին եւ Սիրանուշ Ղուկասյանին: