Մարիա Գևորգյանը` Հայաստանի կանանց չեմպիոն
Միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը շախմատի Հայաստանի 2016թ կանանց առաջնության հաղթողն է: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Առաջնության միանձնյա առաջատար Մարիա Գեւորգյանը հանդիպել է երկրորդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ չեմպիոն դառնալու համար Գեւորգյանին նվազագույնը անհրաժեշտ էր ոչ-ոքի ավարտել այդ պարտիան: Նա կարողացել է գրանցել բաղձալի արդյունքը եւ հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Տղամարդկանց մրցաշարում կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի առաջատարների` Զավեն Անդրիասյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի պարտիան երկարատև պայքարից հետո ավարտվել է ոչ-ոքի: Երրորդ հորիզոնականում ընթացող Արման Փաշիկյանը առավելության է հասել Արման Միքայելյանի նկատմամբ: Այսպիսով, առաջնության ավարտից 4 տուր առաջ մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Արման Փաշիկյանը նրանից ետ են մնում կես բալով: