Ճանապարհներին բուք է և ցածր տեսանելիություն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը: Բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ծիլքար-Արագած, Գյումրի- Բավրա հատվածները, Ջաջուռի լեռնանցքը, Ֆանտան-Ջրաբեր, Զանգեր-Գորհայք ճանապարհահատվածները: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման, ինչպես նաև ճանապարհի լայնացման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն