Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամուել Սեւյանը իր խաղաոճի զոհը դարձավ

Սպորտ
sport-sevyan

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը չնայած համեստ արդյունք ցույց տվեց հոլանդական Վեյք ան Զեեի խոշոր մրցաշարում, սակայն բավական լավ տպավորություն թողեց տեղի շախմատասերների վրա: 15-ամյա գրոսմայստերն առաջին անգամ հանդես եկավ 2-րդ խմբի մրցաշարում: Նա 13 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 6-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով եզրափակեց առաջին տասնյակը: Սամուել Սեւյանը բավականին ետ մնաց մրցաշարի երեք առաջատարներից, որոնք վաստակեցին 9-ական միավոր: Սակայն նա Վեյք ան Զեեում ցույց տվեց ամենադիտարժան շախմատը: Սամուել Սեւյանը բոլոր պարտիաներում ձգտում էր միմիայն հաղթանակի, անընդհատ դիմում էր ռիսկի, զոհաբերություններ էր անում, ցանկանում էր տպավորիչ հաղթանակներ տոնել: Այդ իսկ պատճառով նա հաճախ հայտնվում էր իր իսկ կողմից նյութած թակարդում եւ ցավալի պարտություններ էր կրում: Հատկապես դա զգացնել տվեց վերջնամասում, երբ երեք անընդմեջ հաղթանակից հետո պատանի շախմատիստը երեք պարտիայում 2,5 միավոր կորցրեց: Հակառակ դեպքում նա տեղ կզբաղեցներ առաջին եռյակում, քանի որ նա պարտվեց հենց առաջատարներին: Սամուել Սեւյանը մինչեւ 16 տարեկան շախմատիստների վարկանիշային աղյուսակում այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Ի դեպ, նա առայժմ զիջում է իր երկու հայրենակիցներին՝ Ջեֆրի Սյոնգին եւ Ջոն Բուրկին: Դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ում այժմ բավական խոստումնալից շախմատային սերունդ է աճում: