Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարաններում մեղավորներին փոխարինում են անմեղները. իրավապաշտպան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
janna-nkar

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակում է որոշումներ կայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության` պարտավորեցնելով հարյուր հազարավոր եվրոներ վճարել պետական բյուջեից։ Տարիներ շարունակ ձգվող այս իրավիճակը իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ՀՀ դատական համակարգի վատ վիճակով է պայմանավորում. «Ավելի վատ է, քան ասենք 15 տարի առաջ։ Մարտի 1-ից հետո դատական համակարգը չի վերականգնվել, երբ մարդկանց զանգվածային կալանքի սանկցիաներ էին տալիս՝ բոլորին անխտիր։ Դատարանները կատարում էին Ռոբերտ Քոչարյանի պատվերը և հրամաններ կատարած համակարգը չի վերականգնվել մինչև այսօր»։ Իրավապաշտպանը, ով Մատաղիսի գործով ցմահ ազատազրկված զինծառայողների ազատ արձակման համար պայքարողներից էր, ցավով է համեմատում զինվորական գործերի քննության մեթոդները. ոչինչ չի փոխվում. «Այսօր զինվորական սպանությունները, հանցագործությունները, սպանությունները, կյանքի իրավունքի խախտումներով գործերը նույն վիճակում են, ինչ որ Մատաղիսի գործն է։ Մենք տեսնում ենք, որ դատարաններում մեղավորներին փոխարինում են անմեղները»։ Ժաննա Ալեքսանյանը վստահորեն պնդում է՝ դատավորներն ու քննիչները որոշակի պատասխանատվության պետք է ենթարկվեն սխալների համար, որոնք վնասում են պետության վարկը, հեղինակությունը, հասցնում են նյութական կորուստ. «Հայաստանում չկա այդ միջոցը պատասխանատվության ենթակելու, այժմ կարգապահական վարույթներ են հարուցվում էլի նույն ընտրովիության սկզբունքով՝ ում ուզում են՝ պատասխանատվության են ենթարկում, ում չեն ուզում՝ չեն ենթարկում։ Չկա արդարադատության սկզբունքի նկատմամբ մոտեցում, որ անմեղ մարդը չդատապարտվի։ Դա է պատճառը, որ շարունակվում են այդ դեպքերը»։ Մանրամասները՝ տեսանյութում