Հեռավոր ԱՄՆ-ից մինչեւ Երեւան՝ 16 տարում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր իր առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի այս տարում: Մեր ընտրանին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում ընկերական խաղում ուժերը կչափի Բելառուսի ազգային թիմի հետ: Երկու երկրների հավաքականները նախկինում արդեն հանդիպել են 4 անգամ: Դրանցից երեքն ավարտվել է 2:1 հաշվով, երկուսը բելառուսների օգտին, մեկը՝ հայերի: Իսկ ահա մեկ խաղում գոլ չի գրանցվել: Թիմերի 5-րդ հակամարտությունը մեծ իրարանցում չի առաջացրել Երեւանում, քանի որ խաղի տոմսերը չնայած վաճառվում են մարտի 7-ից, սակայն դեռ չեն սպառվել: Դա տրամաբանական է, քանի որ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականները դուրս են մնացել Եվրո-2016-ի ընտրական փուլից եւ այժմ պատրաստվում են 2018թ աշխարհի առաջնության ընտրարշավին, որը մեկնարկելու է այս տարվա սեպտեմբերին: Երկրորդ, երկու թիմերն էլ հանդիպմանը ներկայացել են նորացված կազմերով, առանց իրենց աստղերի, ինչը պակաս գործոն չէ երկրպագուներին մարզադաշտ գայթակղելու համար: Ինչեւէ, այս հանդիպումն առաջինը կլինի մեր հավաքականի երեք դարպասապահներից մեկի համար, իսկ ահա նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար այն կդառնա հրաժեշտի խաղ: Այսօր իր երկրորդ նորամուտը կնշի հավաքականում գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Առաջինը կայացել էր 2000 թվականին, հեռավոր ԱՄՆ-ում, Գվատեմալայի հետ խաղում (1:1):