Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի (տեսանյութ)
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանն անմեղ է և պետք է ազատ արձակվի. այսպես են կարծում ի պաշտպանություն նրա Երևանի փողոցներում ցույցի դուրս եկած քաղաքացիները՝ բողոքելով գործարարի կալանավորման դեմ ՌԴ իրավապահների կողմից։ Իրավաբան Հայկազ Մակարյանը կարծում է, որ 4 տարվա ազատազրկման վճիռն անհիմն է, դրանում առկա է քաղաքական գործոն, և Լևոն Հայրապետյանը պետք է ազատ արձակվի ռուսական իշխանությունների կողմից։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակցիները ԱԳՆ-ի մոտ են՝ պահանջելով քայլեր ձեռնարկել ազատ արձակելու համար։ Երթն այնուհետ կշարժվի դեպի ՌԴ դեսպանատուն։
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Մոսկվայի դատարանը հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին մեղավոր ճանաչեց 700 հազար դոլար յուրացնելու մեջ և դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Դատարանը ապացուցված է համարել, որ Լեւոն Հայրապետյանը խարդախությամբ 700 հազար դոլար է յուրացրել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից՝ խոստանալով աջակցել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը, մինչդեռ դատավճռի վրա ազդելու լծակներ չի ունեցել:Մեղադրողը միջնորդել էր հայազգի բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Լեւոն Հայրապետյանը 4 ինսուլտ եւ սրտամկանի երկու ինֆարկտ է տարել, տառապում է քաղցկեղով: Սակայն ապրիլի 15-ին նրան տեղափոխել են այնպիսի բանտախուց, որտեղ տեղերի բացակայության պատճառով կալանավորները հերթով են քնում: