Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓՈՂՈՑՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՊԱՏՈՒՀԱՍ

Մարզեր

Գավառ քաղաքի վարորդների եւ հետիոտների համար ճանապարհների անբարեկարգ վիճակը դարձել է պատուհաս: Դրանցով երթեւեկելու համար վարորդներից պահանջվում է ունենալ ամուր ողնաշար եւ էլ ավելի ամուր նյարդեր: Իրավիճակը մեղմելու համար չեն օգնում նույնիսկ երթուղու վերածված մայթերը, որոնք վարորդներին դժկամությամբ զիջում են փոսերից խույս տվող հետիոտները:

Համայնքի ենթակայության տակ գտնվող շուրջ 150 կմ ընդհանուր երկարություն ունեցող փողոցներից մեծ մասի պատկերը գրեթե նույն է՝ ֆիզիկապես մաշված եւ քայքայված ասֆալտածածկույթ: Անմխիթար է հատկապես հիվանդանոց տանող ճանապարհը, որը վերջին 30 տարիների ընթացքում գրեթե չի վերանորոգվել: Ճանապարհի վատ վիճակը դժվարացնում է հատկապես շտապօգնության մեքենաների աշխատանքը:

Նախորդ երկու տարիներին ՀՀ պետական բյուջեից Գավառ քաղաքին հատկացված 120 մլն դրամով հիմնովին վերանորգվեց Սայադյան փողոցը:

Այսօրվա պայմաններում Գավառ քաղաքի բյուջեն թույլ է տալիս կատարել միայն փոսային նորոգումներ: Փողոցների մասնակի վերանորոգման համար նախորդ տարի քաղաքի բյուջեից հատկացվել էր շուրջ 40 մլն դրամ: Փոսային նորոգումներն էլ իրենց չեն արդարացնում, փաստն արձանագրում են գավառցիները: Ամեն տարին նույն տեղերում կատարվող փոսային նորոգումները, գարնանը ձյան եւ անձրեւաջրերի հետեւանքով քշվում - տարվում է:

Աչքի առաջ ունենալով նախորդ տարիների փորձը, Գավառի քաղաքապետարանը որոշել է այս տարի հնարավորության սահմաններում միայն հիմնովին ասֆալտապատում կատարել: Ինչպես նշում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ավելի լավ է քիչ ծավալի աշխատանք կատարել, սակայն ունենալ արդյունք, որպեսզի հաջորդ տարիներին նույն տեղին չանդրադառնանք:

Գավառի «Քյավառ» հ/ը