Ռոբերտ Հովհաննիսյանը չպայքարեց հաղթանակի համար
Հայաստանի շախմատիստները համեստ արդյունքներ ցույց տվեցին Կոսովոյում այսօր ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում: Վերջին տուրից առաջ բարձր տեղերի համար կարող էին պայքարել մեր երեք շախմատիստներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արման Փաշիկյանը, որոնք 10 հնարավորից վաստակել էին 7-ական միավոր: Ավաղ, Արման Փաշիկյանը պարտվեց չեխ գրոսմայստեր Դավիթ Նավարային եւ զիջեց դիրքերը: Ռոբերտ Հովհաննիսյանն 18-ամյա նորվեգացի Արյան Տարիի հետ պարտիայում արդեն 14-րդ քայլին կրկնեց քայլերը եւ գրոսմայստերական ոչ-ոքի արեց: Սամվել Տեր-Սահակյանը նույնպես հետևեց իր հայրենակցին, սակայն ավելի փորձառու գրոսմայստեր, գերմանացի Լիվիու Դիտեր Նիսիպիանուի հետ մրցամարտում: Արդյունքում, Ռոբերտ Հովհաննիսյանը 7,5 միավորով գրավեց 14-րդ տեղը, իսկ Սամվել Տեր-Սահակյանը ՝ 24-րդը: Նրանց հաջորդեց Հայաստանի այս տարվա չեմպիոն Զավեն Անդրիասյանը, որը 7 միավորով առաջնությունն ավարտեց 30-րդ հորիզոնականում: Նույնպիսի արդյունքով Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հովհաննես Գաբուզյանը բաժանեցին 34-43-րդ տեղերը: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որը վաստակեց 9 միավոր: Նրանից կես բալով հետ մնաց լատվիացի Իգոր Կովալենկոն, մեկով՝ վրացի Բաադուր Ջոբավան: