«Ցավդ տանեմը» միայն հասկացա, բայց մտածեցի՝ սա իսկական տանգո է» (տեսանյութ)
Կիրք, սեր, ատելություն: Զգացմունքային և հուզական տանգոն «ծնվեց» Բուենոս Այրեսում, 19-րդ դարի վերջին, լավ կյանք փնտրելու նպատակով այստեղ ժամանած էմիգրանտների տարբեր մշակույթների համադրումից։ Երբ միախառնվեցին աֆրիկյան տանգանոյի ռիթմերը, արգենտինական միլանգոն, հավանյան հաբաներան, իսպանական ֆլամենկոն, իտալական կանցոնան: Ի սկզբանե տանգո պարում էին միմիայն տղամարդիկ: 1930-ականները տանգոյի «ոսկե դարն» են՝ Օսվալդո Պուլեզե, Աստոր Պյացոլա, Կարլոս Գարդել, ով դարձավ «Տանգոյի արքա», և նրա ծննդյան օրը նշվում է որպես տանգոյի համաշխարհային օր։ «Կնոջ բույրը» ֆիլմում Ալ Պաչինոյի պարը հենց Գարդելի հայտնի Por una cabeza տանգոն է: Մայիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի Ազգային Ֆիլհարկոնիկ նվագախմբի և ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ, սպասվում է Արգենտինական տանգոյի հրաշք երեկո` անվանի բանդոնեոնահար Կարլոս Բուոնոյի ղեկավարությամբ, ով միայն անցյալ տարվա ընթացքում 98 համերգ է տվել 27 երկրում։ «Ինձ երբեմն ասում են՝ տանգո կատարելիս շատ եք ժպտում, դա այնքան էլ բնորոշ չէ այս պարին: Ես էլ հակադարձում եմ՝ թանկ գին եմ վճարել, զրկել եմ ինձ շատ բաներից, այնպես որ տանգոն իմ կյանքն է, և ամեն անգամ նվագում եմ այնպես, ասես վերջին անգամ»: «Գաղտնիք չէ, որ այս պարը սկիզբ առավ հասարակաց տներում, և իր բնույթով գռեհիկ էր»,- շարունակում է երաժիշտը «բայց քանի որ տանգոյի երաժշտությունը շատ գեղեցիկ էր, հնարավոր չէր հրաժարվել դրանից»: Հարցին, թե արդյոք ինքը սիրում է պարել, պատասխանեց հումորով. «Արգենտինացիներն ասում են, նա ով նվագում է՝ չի պարում»: Կարլոս Բուոնոն շատ հայ ընկերներ ունի Արգենտինայում, և շատ հավանում է հայկական ուտեստները, ու այս այցին էլ հասցրեց սիրել Հայաստանն ու հայկական երաժշտությունը: «Շատ նման է տանգոյին, ասում է: Մի կին էր ձեր ալիքներից մեկով երգում, «ցավդ տանեմը» միայն հասկացա, բայց մտածեցի՝ սա իր ռիթմով իսկական տանգո է»: Երեկոյին ֆիլհարմոնիկի լարային կազմի և դաշնակահար Սարալեգիի նվագակցությամբ տանգո կպարեն նաեւ գրոստմայստեր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիաննա Կաոիլին և նրա պարային խումբը: Ի դեպ այսօր Արգենտինայի Ազգային օրն է: