Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Վարազդատ Լալայանը՝ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ (լուսանկարներ)

2024 թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն աշխարհի նորընծա չեմպիոնին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
 
Սպորտի վաստակավոր վարպետի կոչումը շնորհվում է միայն Օլիմպիական խաղերի չեմպիոններին, մրցանակակիրներին և աշխարհի չեմպիոններին:
 
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Վարազդատ Լալայանին՝ գրանցած վերջին հաջողությունների և հպարտության պահեր պարգևելու համար։
 
«Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի երկար սպասված կոչումը: Սա քրտնաջան ու երկարամյա աշխատանքի արդյունք է, ինչի առթիվ շնորհավորում եմ Ձեզ: Առանձնակի հպարտություն է, երբ միջազգային հարթակներում հնչում է մեր պետության հիմնը, ու բարձրանում է ՀՀ դրոշը: Պետություն ներկայացնելը շատ կարևոր պատասխանատվություն է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու շնորհակալություն հայտնել ամբողջ տարվա ընթացքում գործադրած ջանքերի և կատարած աշխատանքի համար:
 
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ այս տարի սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության կարգում մեծաթիվ փոփոխություններ են կատարվել:
 
Մասնավորապես՝ սահմանվել են մի շարք անվանակարգեր, այդ թվում՝ «Հանդիսատեսի համակրանք», որի քվեարկությունն իրականացվում է առցանց՝ այդ նպատակով «Telegram» սոցիալական հարթակում բացված ալիքում:
«Քվեարկությունն արդեն մեկնարկել ենք, ու երկրպագուները բավական ակտիվ են: Սա հանրության արձագանքն է մարզիկների մեծածավալ աշխատանքին, ինչը շատ կարևոր է»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
 
Ծանրորդ Վարազդատ Լալայանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի խոսքերի համար: 25-ամյա ծանրորդն ընդգծել է՝ իր համար մեծ պատիվ է լինել գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած առաջին հայ ծանրորդը: «Կարողացա ուրախության պահեր պարգևել հայ ազգին, ինչի համար շատ հպարտ եմ: Սա, իսկապես, երկար սպասված նվաճում էր ինձ համար: Պայքարը շատ բարդ էր, բայց ուրախ եմ, որ աշխարհի առաջնության ոսկին վերջապես կարողացա բերել Հայաստան»,- ասել է Վարազդատ Լալայանն ու տեղեկացրել՝ առաջիկա ծրագրերը կապված են 2025 թվականի ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնության հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ծանրամարտի զարգացմանը, ոլորտում առկա խնդիրներին, Գյումրիում մարզումային պայմանների բարելավմանն ու ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր: