«Վրաստանում ավելի ժամանակակից գործիքներ կան». Հակոբ Սերոբյան
«Հարություն Մերդինյանը եթե օլիմպիական խաղերում նույն կերպ կատարի վարժությունը, ինչպես Եվրոպայի առաջնությունում արեց, ապա դժվար թե եզրափակիչ փուլ ուղեգիր նվաճի» - այսօր «Սպուտնիկ» մամուլի ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Հիշեցնենք, որ մեր մարմնամարզիկը նժույգթափ վարժությունում զբաղեցրել էր առաջին տեղը եւ հռչակվել Եվրոպայի չեմպիոն: Փորձառու մասնագետի կարծիքով, օլիմպիական խաղերում մեր մարմնամարզիկը պետք է շատ մաքուր կատարի իր վարժությունը, որպեսզի հավակնի մեդալի: «Հարություն Մերդինյանի վարժությունը բավականին բարդ է: Մենք ընտրել ենք այդ տարբերակը, որովհետեւ պարզ վարժություններն անթերի կատարելու դեպքում նա կարող է բարձր գնահատական ստանալ: Հուսանք, որ Ռիոյում ամեն ինչ լավ կստացվի եւ նա մեդալ կնվաճի», - նշեց նա: Խոսելով օլիմպիական խաղերին պատրաստվելու ծրագրերի մասին, Հակոբ Սերոբյանը նշեց, որ մինչեւ խաղերի մեկնարկը մեր երկու օլիմպիականների՝ Հարություն Մերդինյանի եւ Արթուր Դավթյանի համար նախատեսված է անցկացնել երկու ուսհավաք: «Հուլիսի 3-ին կմեկնենք Թբիլիսի, 10-օրյա հավաքի, քանի որ այնտեղ գործիքներն ավելի ժամանակակից են: Իսկ հուլիսի 19-ից մինչեւ օգոստոսի 1-ը մեր մարմնամարզիկներն ուսհավաք կանցկացնեն Բրազիլիայում, որն ամենակարեւորն է: Ապա կմեկնենք Ռիո դե Ժանեյրո, որտեղ նրանք կմարզվեն Սոս Սարգսյանի գլխավորությամբ, իսկ ես կանցնեմ իմ մրցավարական պարտականություններին: Որակավորման փուլը կկայանա օգոստոսի 6-ին, իսկ առանձին գործիքների եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 14, 15 եւ 16-ին» - ասաց հավաքականի գլխավոր մարզիչը: