Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արքա» ռեստորանի սեփականատերը չի կարողանում մտնել իր տարածք (տեսանյութ)

Հասարակություն
arqa-nkar

Գործարար Գնել Հայրապետյանը չի կարողանում մուտք գործել իրեն պատկանող «Արքա» ռեստորանային համալիր և շահագործել այն։ Ծաղկաձորում գտնվող ռեստորանը 7 տարի շահագործելուց հետո սեփականատերը վարձակալությամբ տվել է իր հարևանին՝ Օնիկ Բաղդասարյանին։ «Պայմանավորվել էինք՝ ինքը որոշակի ժամկետից հետո պետք է վարձավճարը տար ու դուրս գար օբյեկտից։ Երբ գնացի դիմեցի, ասեցի ի՞նչ ենք անում, ասեց՝ ոչ փողն եմ տալիս, ոչ օբյեկտն եմ տալիս, որ մոտիկ էլ եկար կվառեմ օբյեկտը»,- պատմում է Գնել Հայրապետյանը։ Տարածքն ու գույքը հետ բերել  Գնել Հայրապետյանին չի հաջողվել նույնիսկ ունենալով ոստիկանությանը տված Օնիկ Բաղդասարյանի հավաստիացումը, թե չի խոչընդոտի սեփականատիրոջ մուտքը ռեստորանի տարածք։ Գնել Հայրապետյանն անհերքելի է համարում տարածքի նկատմամբ իր իրավունքները։ «Այդ տարածքը ես օգտագործելու թույլտվություն եմ ունեցել, ինչի հիման վրա հոսանք ու ջուր եմ քաշել։ Քաղաքապետարանը աճուրդ է հայտարարել, աճուրդի  բոլոր պայմաններով ես էդ տարածքը գնել եմ»։ Չնայած սրան՝ Վարչական դատարանը չեղյալ է ճանաչել Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից տարածքը Գնել Հայրապետյանին վաճառելու մասին աճուրդի արդյունքը։ Որոշման հիմքը եղել է Օնիկ Բաղդասարյանի՝ իբր, աճուրդի մասին տեղյակ չլինելը։ «Աճուրդի հայտարարությունը տրված է եղել Հայաստանի Հանրապետություն թերթում, չեմ կարծում, որ քաղաքապետը պետք է դռները ծեծելով գնար ասեր՝ գիտե՞ք Ծաղկաձորում էս ինչ... կամ ինքը եսիմ ո՞ր գյուղից է, նույնիսկ Ծաղկաձորի հետ կապ չունի»,- ասում է գործարարը։ Բացի այդ՝ դատարանն իր որոշման հիմքում դրել է «Հայանտառ» ընկերությունից Օնիկ Բաղդասարյանի ներկայացրած փաստաթուղթը, ըստ որի՝ իբր ինքը ժամանակին «Արքա» ռեստորանի տարածքի նկատմամբ հավակնություն է ունեցել։ Հայրապետյանի փաստաբան Վարդան Առաքելյանն ասում է. «Մենք գնացինք այդ գրության հետքերով, և ինչ պարզվեց՝ որ այդ գրությունը, որով իրենք փորձում էին հիմնավորել իրենց պահանջներում ընկած հիմնավորումները, ոչ այլ ինչ է, քան դատարանին թյուրիմացության մեջ գցելու ակնհայտ փորձ։ Այդ գրությունն ուղղված էր ոչ թե խնդրո առարկա տարածքին, այլ ընդհանրապես՝ ուրիշ՝ Աղավնաձոր համայնքին»։ Ավելացնենք, որ Վարչական դատարանի որոշումն այժմ վիճարկվում է Վերաքննիչ Վարչական դատարանում։ Դատական նիստը տեղի է ունենալու հունիսի 15-ին։ Մեր փորձերը պարզաբանումներ ստանալ նաև Օնիկ Բաղդասարյանից, արդյունք չտվեցին։