Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավոր զինվորին 4 օրից կտեղափոխեն Գերմանիա

Հասարակություն
Zinvor-nkar-1

Ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանին հունիսի 13-ին կտեղափոխեն Գերմանիա: Այդ մասին քիչ առաջ «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ռուբենի ազգականը՝ Նարինե Թումանյանը: «Հրավիրող կողմը Գլոբալ մեդ ձեռնարկությունն է: Նրանց նախաձեռնությամբ ու աջակցությամբ հնարավոր դարձավ Ռուբենի տեղափոխումը կազմակերպել: Տղայի հետ գնալու է նրա մայրը՝ Անահիտը: Վիզայի ստացման հետ կապված էլ դժվարություն չեղավ»,-նշեց նա: Ռուբենի բուժումն իրականացվելու է Բոննի համալսարանին կից նեյրովիրաբուժական կլինիկայում: «Իրենք երաշխավորել են՝ բուժման արդյունավետության հետ կապված: Եթե հույսեր չլինեին, Ռուբենին չէինք տեղափոխի: Վստահ ենք, որ դեպի դրական տեղաշարժ կլինի»: Նշենք, որ Ռուբեն Առաքելյանը ստացել էր մի շարք վնասվածքներ, մասնավորապես՝ ողնուղեղի: Գրեթե երկու ամսվա ընթացքում Ռուբենի մոր՝ Անահիտ Մկրտչյանի անունով բացված հաշվեհամարին հավաքվել է Գերմանիայում բուժման համար անհրաժեշտ 90.000 եվրոն: «Արդեն այդ գումարը փոխանցել ենք Գերմանիայի կլինիկայի հաշվեհամարին: Բացի ժողովրդից, մեր քաղաքացիներից, 11 մլն դրամ վարչապետն է փոխանցել, օրեր առաջ 43.000 եվրո Պաշտպանության նախարարը փոխանցեց: Գումար է փոխանցել նաև Առողջապահության նախարարը»,-մանրամասնեց Ռուբենի ազգականը: Երիտասարդի մոտ, նախորդ ամսվա համեմատ, դրական տեղաշարժ կա. «Երեկվանից նա մի ոտքը սկսել է շարժել»,-նշեց Նարինեն: Բացի այդ, ավելի վաղ Ռուբենը սկսել էր շարժել ձախ ձեռքը: «Աստծո կամքով նա հասավ այս վիճակին, հիմա հույս ունենք, որ Գերմանիայում էլ ամեն ինչ բարեհաջող կընթանա»,-նշեց Ռուբենի ազգականը: