Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դպրոցում 25 աշակերտ է սովորում (տեսանյութ)

Հասարակություն
gosh-dproc

Չնայած դպրոցում այսօր դասեր չկան, բայց 14-ամյա Հենզելը դպրոցի մոտ է։ Գոշի  հիմնական դպրոցի 9-րդ   դասարանի  աշակերտը ընդամենը  երեք դասընկեր ունի։ «Կոմպլեկտավորված ենք դասարանում, 8-երի հետ ենք անում, ընդհանուր 6 հոգի»,- ասում է 14-ամյա Հենզելը: Կուզենար, որ դասընկերների թիվը ավելին լիներ։  Դասերն ավելի աշխույժ կանցնեին, թեեւ փոքրաթիվ դասարանում սովորելն էր առավելություններ ունի. «Մի կողմից ձեռնտու է, որովհետեւ մենք թվով քիչ ենք, հասցնում են մեզ ուսուցիչները դաս հարցնեն, չսովորած աշակերտները միշտ աչքի են ընկնում, որ ծույլիկ են»: Վերջին տարիների արտագաղթն իր ազդեցությունը թողել է. Տավուշի մարզի Գոշի հիմնական դպրոցը  ընդամենը  25  սան ունի. «Չնայած, ասեմ, նոր եկող սերունդը  երեխաների թիվն ավելացնում է»,- ասում է  Արմինե Գրիգորյանը: Ոչ աշխատանքային օրվա պատճառով դպրոցում նկարահանումներ անել մեզ չհաջողվեց:  Դրսից էլ երեւում էր՝ դպրոցը նորոգման կարիք ունի։ «Ինչ-որ հովանավոր լինի,  մեր դպրոցի ապակիները փոխվեն, որովհետեւ ձմեռ է գալիս եւ երեխաներն այդ պայմաններում չեն կարող լավ արդյունքի հասնել, ինչպես  տաք սենյակներում»,- ասում է դասվարի օգնական Շուշանիկ Քոչարյանը: Հենզելն էլ  երազում է, որ իրենց դպրոցում ժամանակակից կահավորում լինի, օրինակ՝ էլեկտրոնային գրատախտակ. «Որտեղ կգրենք ոչ թե կավիճով եւ կփոշոտվենք, այլ ֆլոմաստերներով եւ կկարողանանք հեշտ ջնջել:  Պատերը մի փոքր գեղեցիկ լինեն եւ չջարդված, հաշված սեղաններ կան, որ նորմալ վիճակում են գտնվում»: Պաշտոնական տվյալներով՝  Գոշի բնակիչների թիվը 1127 է։ Որպես հին բնակատեղի հիշվում է դեռևս 10-11 դարերից։ Այստեղ է գտնվում Գոշավանքի վանական համալիրը,որը եղել է միջնադարյան Հայաստանի հոգեւոր եւ մշակութային խոշոր կենտրոններից մեկը, որտեղ ստեղծվել եւ պահպանվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր։