Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հաղթեց իրեն թերագնահատած Անիշ Գիրիին

Սպորտ
a1aronyan-2

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Մոսկվայում ընթացող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարում: Այսօր կայացած 6-րդ տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով հանդիպեց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Պարտիան անցավ անչափ դիտարժան պայքարում: Լեւոն Արոնյանը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը, ապա բավական անակնկալ քայլերի օգնությամբ բարդ խնդիրներ առաջադրեց հոլանդացուն: Պարտիայի վերջնամասն ընդհանրապես գերազանց անցկացրեց մեր գրոսմայստերը եւ 34-րդ քայլին անչափ տպավորիչ հաղթանակ տարավ: Լեւոն Արոնյանը վաստակեց 3,5 միավոր եւ ընդհուպ մոտեցավ Անիշ Գիրիին, որը 4 միավորով դեռեւս գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ի դեպ, վերջինս այս տարվա աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարից առաջ հայտարարել էր, որ Լեւոն Արոնյանի փոխարեն, որը ընտրվել էր ՖԻԴԵ-ի կողմից, լավ կլիներ մասնակցեր ավելի երիտասարդ եւ հեռանկարային շախմատիստ: Վաղը հուշամրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ հոկտեմբերի 4-ին նախատեսված 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի հետ: