Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի բրոնզե մեդալակիր դարձավ
Նովի Սադում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում մեր շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանն ռուսական «Յուգրա» ակումբի կազմում դարձավ բրոնզե մեդալակիր: Ավարտական 7-րդ տուրում մեր շախմատիստուհին սեւերով ոչ-ոքի խաղաց Կազանի «Լադյա» թիմում հանդես եկող իր հայրենակցի՝ Կարինա Համբարձումովայի հետ: «Յուգրան» ի վերջո 3:1 հաշվով հաղթեց իր գլխավոր մրցակցին, վաստակեց 10 միավոր եւ առանձին զբաղեցրեց 3-րդ տեղը: Եվրոպայի ակումբային չեմպիոնի կոչումը նվաճեց Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշեկ» ակումբը, որը հաղթեց բոլոր հանդիպումներում: Հարկ է նշել, որ թիմը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը: Տղամարդկանց ակումբային առաջնությունում առաջին տեղը զբաղեցրեց մակեդոնական «Ալկալոիդ» ակումբը, որը վաստակեց 12 միավոր եւ միայն մեկով առաջ անցավ հինգ ակումբներից: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն այս անգամ հանդես եկավ «Պադովա» ակումբում: Վերջին, 7-րդ տուրում, իտալական թիմը 2,5:3,5 հաշվով պարտվեց իսրայելական «Աշդոդին» եւ ինը միավորով զբաղեցրեց 12-րդ տեղը: