Մաքսիմ Մանուկյանը 3-րդն է սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանի սամբոյի հավաքականը եւս մեկ մեդալ նվաճեց Սոֆիայում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը: Մարզական սամբոյի տղամարդկանց 57 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանը հենց առաջին մարտում պարտվեց ապագա աշխարհի չեմպիոն Վախթանգ Չիդրաշվիլուն: Չնայած անհաջողությանը, մեր սամբիստը հաղթեց սփոփիչ բոլոր մարտերում, զբաղեցրեց 3-րդ տեղը եւ դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր: Նշենք, որ մրցումների առաջին օրը նույնպիսի պարգեւի էին արժանացել նաեւ Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ) եւ Տիգրան Կիրակոսյանը (52կգ): Այսօր մրցագորգ կմտնեն մեր երեք սամբիստները: 62 կգ քաշային Հովհաննես Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից եւ կհանդիպի իտալացի Միկաել Ռասոյի հետ: Դավիթ Գրիգորյանը (82 կգ) առաջին մարտում կմրցի շվեյցարացի Պաբլո Զամորայի հետ: Հաջողության դեպքում նրա հաջորդ մրցակիցը կլինի Տաջիկստանի ներկայացուցիչ Զաֆար Օլիմշոեւը: Մարտական սամբոյի մրցաշարում Վաչիկ Վարդանյանը (68 կգ) պայքարը կսկսի ֆրանսիացի Անտոնի Լեֆեւրի հետ մրցամարտով: