«Ալաշկերտը» ջախջախեց «Արարատին» եւ հավասարվեց «Փյունիկին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում կայացան 15-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակը» Կապանում 0:1 հաշվով զիջեց տեղի «Գանձասար-Կապանին»: Երկրորդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկը» իր հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Բանանցի» հետ: Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում խնդիրներ չունեցավ «Արարատի» հետ խաղում եւ վստահ հաղթանակ տարավ՝ 4:1: Այդպիսով, մրցաշարային աղյուսակը 28 միավորով շարունակում է գլխավորել «Շիրակը»: Նրան հաջորդում են «Փյունիկն» ու «Ալաշկերտը», որոնք վաստակել են 26-ական միավոր: Հաջորդ երեք տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար «Գանձասար-Կապանը» (24 միավոր), «Բանանցը» (15) եւ «Արարատը» (5): Հաջորդ, 16-րդ տուրը, կկայանա նոյեմբերի 26-ին եւ 27-ին: Այդ օրերին «Փյունիկը» կընդունի «Շիրակին», «Գանձասար-Կապանը»՝ «Ալաշկերտին», իսկ «Արարատը»՝ «Բանանցին»: