Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հաց բերող»-ը բուժզննում է անցել

Կարևոր լուրեր Հասարակություն
hac-berox-nkar

«Հաց բերող Արթուր Սարգսյանի վիճակը կտրուկ վատացել է, և նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց». Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։ Որպես աղբյուր իրավապաշտպանը հղում է կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներին։ «Ա1+»-ը փորձեց ճշտել՝ ի՞նչ վիճակում է այժմ գտնվում «Սասնա ծռեր» խմբի անդամներին Էրեբունու ՊՊԾ գունդ սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանը։ «Իրավունքի Եվրոպա» իրավապաշտպան կազմակերպությունից փոխանցեցին, որ փաստաբան Տիգրան Եգորյանը այսօր տեսակցելու է Արթուր Սարգսյանի հետ և խոստացան ավելի ուշ մանրամասներ հաղորդել։ ԱՆ ՔԿՀ վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքեց «Հաց բերող»-ի առողջական վիճակի կտրուկ վատանալու մասին լուրը. «Վիճակը չի վատացել, ուղղակի ստամոքսից է բողոքել, երեկ տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց, բուժզննում է անցել, և հետ տարվել Նուբարաշեն ՔԿՀ։ Մեր բժիշկները կորոշեն նրա հետագա բուժման ընթացքը»,- «Ա1+»-ին փոխանցեց պարոն Ղլեչյանը։ Հիշեցնենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ։