Նոստրադամուսը գուշակել է, մնում է հույսով սպասել. Արամ Սաթյան (տեսանյութ)
Արվեստի գործիչների աշխատանքի առաջխաղացմանն ուղղված ոչ մի քայլ չի արվում, նրանք այսօր Հայաստանում չեն գնահատվում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը. «Մոռանալով արվեստի և նրա դերի մասին՝ նշանակում է պետությունը բերել քայքայման, այլ պետություններում ֆինանսներ են ծախսվում չեղած արվեստը բարձրացնելու համար, իսկ մեզ մոտ՝ ոչ»։ Սաթյանը նշում է, որ շատ հաճախ մեր հայրենակիցները արտասահմանում կարողանում են լուրջ արդյունքներ գրանցել, իսկ Հայաստան վերադառնալով բախվում են խնդրի, որ իրենց հաղթանակների նկատմամբ հետաքրքրություն չկա. «Մարդիկ գալիս են, անտեսվում, հա մրցույթում հաղթել են, բայց թե որտեղ էր, ինչ մրցույթ՝ ոչ մեկի չի հետաքրքրում»։ Բանախոսի պնդմամբ հարկավոր է փոփոխությունների գնալ, և 2017 թվականը լավագույն առիթն է դրա համար. «2017 թվականի դրական տարի լինելու մասին գուշակել է Նաստրադամուսը, մեզ մնում է միայն լիահույս սպասել փոփոխությունների։ Ես կարծում եմ, որ ժամանակն է եկել, որ մենք մտածենք, ես հավատում եմ, որ 2017 թվականը կլինի լավ և բեղմնավոր տարի»։