Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնալու է պայքար անձերի, փողի, հեղինակությունների միջեւ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
9FqlvOGtllY

ԱԺ ընտրություններին մասնակցության հայտերը ԿԸՀ պետք է ներկայացվեն փետրվարի  6-16-ը։ Այս շրջանում   քաղաքական ուժերը զբաղված են դաշինքների կամ  ցուցակների ձեւավորմամբ։ ՀՅԴ-ն միայնակ է պատրաստվում գնալ ընտրությունների եւ չի բացառվում, որ նրա ընտրատարածքային, այսինքն՝  ռեյտինգային  ցուցակներում լինեն նաեւ անկուսակցականներ: «Կան բազմաթիվ կարող, հեղինակություն, ազդեցություն ունեցող, մեր մտածողությունն ու արժեքները կիսող մարդիկ: Բանակցություններն ընթանում են, քննարկումներն ընթանում են, հաշվում ենք, չափում ենք, կշռում ենք, թե որտեղ ով ինչ ռեսուրս կարող է ունենալ, ինչպես կարող է օգնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, պատգամավոր Աղվան Վարդանյանը: Աղվան Վարդանյանը հերյուրանք է որակում գնահատականները, թե  ՀՅԴ-ն չունի  հեղինակություն վայելող կուսակցականներ եւ դրա համար պատգամավոր է առաջադրում անկուսակցականների. «Նրանք, որոնք նման գնահատականներ են տալիս, հարցրեք՝ նրանք ով են, նրանք ինչ ունեն»: Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունում վստահեցնում են, թե ռեյտինգային ցուցակներում ընդգրկվելու են հանրությանը հայտնի մարդիկ: «ՀՀ-ն փոքր է եւ ցանկացած տարածքում կան մարդիկ, որոնք ունեն որոշակի հեղինակություն, ոմանք այդ հեղինակությունը վաստակում են, ոմանք պարտադրում են, եւ դա է պատճառը, որ քաղաքական գործընթացներից անցում է կատարվելու դեպի անձնական»,- մեզ հետ զրույցում ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նոր ԸՕ-ով ներդրվել է բավականին բարդ ընտրական մեխանիզմ: Այս մասին է վկայակոչում նաեւ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում: Մասնավորապես անդրադառնալով ընտրացուցակներին՝ նշվում է, որ դրանք էականորեն շեղված են մաքուր համամասնական ընտրակարգից, ռեյտինգային ցուցակները կարող են մեծացնել վարչական ռեսուրսի չարաշահումը: «Այս տարածքային ցուցակներով կամ, ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային ցուցակներով համակարգը ոչնչացնում է քաղաքական գաղափարական պայքարը: Գնալու է պայքար անձերի, փողի, հեղինակությունների միջեւ»,- նշեց Էլինար Վարդանյանը: ԸՕ-ով մասնակից կուսակցությունները պետք է հաղթահարեն ընտրական շեմի 5, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:  «Եթե որեւէ կուսակցություն իր առջեւ դրել է նպատակը միայն այդ շեմը հաղթահարել, դա հարցի մեկ այլ ասպեկտ է, սակայն եթե իրականում դաշինքը կամ կուսակցությունը իր առջեւ այլ խնդիր է դրել՝ ստանալու այլ հնարավորություն ԱԺ-ում իրականում որոշումներ թելադրող լինել եւ փոխել երկրում տեղի ունեցող քաղաքական պրոցեսները այնպես, ինչպես ինքն է պատկերացնում իր նախընտրական ծրագրում, կարծում եմ՝ այս դեպքում ֆիքսվել 5 կամ 7 տոկոսի դեպքում անիմաստ է դառնում»,- նկատեց Էլինար Վարդանյանը:   «99 տոկոսով ՀՅԴ-ն ինչպես գնացել է, այնպես էլ գնալու է առանձին, սակայն քաղաքականության մեջ երբեք մի ասա երբեք: Ինչո՞ւ ենք դաշինքներ կազմում կամ միավորվում, քանի որ մարդիկ հասկացել են՝ պառլամենտական համակարգում այն ուժերը, որոնք ներկայացված չեն լինի ԱԺ-ում, ուղղակի դուրս են մնալու հետագա մրցակցությունից, խոշորացում է գնալու քաղաքական ուժերի»,- նշեց  Աղվան Վարդանյանը: Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր զեկույցում  առաջարկում  է,  որ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները դիտարկվեն ԵԱՀԿ դիտորդական առաքելության 24 երկարաժամկետ, իսկ բուն ընտրությունների օրը՝ 250 կարճաժամկետ դիտորդների կողմից։ Սա, իհարկե, հնարավոր է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերի պարագայում: