Հայտնի լինելը բավարար չէ ընտրություններում արդյունքներ գրանցելու համար. քաղաքագետ (տեսանյութ)
Դաշինքներ ձևավորած շատ քաղաքական գործիչներ ունեն միայն հայտնի անուններ, որն ընտրություններին հաղթաթուղթ լինել չի կարող: Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ այդպիսին է օրինակ Պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքը, որին վերջերս միացավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը. « Այս մարդիկ հայտնի են, ունեն համապատասխան փորձ քաղաքական դաշտում, բայց այս փորձը բավարար չէ կուսակցության ձևավորման համար: Այս դաշինքում կան կուսակցություններ, որոնց ներուժը և գործունեությունը ևս չի թողել լուրջ հետք հայաստանյան քաղաքական դաշտում»: Ըստ քաղաքագետի՝ նախընտրական շրջանում լուրջ քայլ էր Գագիկ Ծառուկյանի վերադարձը, քանի որ նա լուրջ դերակատարում ունի կուսակցական գործունեության մեջ. «Եթե դիտարկենք ԲՀԿ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ և առանց նրա, ապա կզգանք, որ երկու տարբեր քաղաքական կշիռ ունեցող ուժ է դառնում: Կուսակցությունը միանշանակ որոշակի փոփոխությունների կգնա, որպեսզի իր վրա վերցնի այն բողոքավոր ընտրազանգվածը, որը բնականաբար կա Հայաստանում: Իհարկե սա այն ռադիկալ ընտրազանգվածը չէ, որովհետև մեծ մասը կարող է և չընտրել ԲՀԿ-ին»: Քաղաքագետը դեռևս վաղ է համարում ընտրություններում դաշինքների հնարավոր արդյունքների վերաբերյալ որևէ բան ասելը, նրա կարծիքով՝ հարկավոր է սպասել դաշինքների վերջնական ձևավորմանը, որից հետո արդեն կանխատեսելն ավելի դյուրին կլինի: