Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

9 նախագծեր՝ ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրները լուծելու համար

Քաղաքականություն
unnamed-10-2

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթի» արդյունքները: Մրցույթի գնահատման հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել են հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների 9 նախագծեր՝ միտված ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրների լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը։ Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։ unnamed-11 «Մենք փորձում ենք գտնել բոլոր այն ուղղությունները, ծրագրերը, որտեղ գիտելիքը, տեխնոլոգիաները, փորձը կարող են օգտակար լինել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի կրթական գործառույթի ուժեղացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը և հավելել, որ բանակը պարտադիր ժամկետային զինծառայողին պետք է նաև լրացուցիչ հմտություն և գիտելիք ստանալու հնարավորություն ընձեռի։ Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված, հմուտ, առողջ, պատրաստված, քան զորակոչվող երիտասարդը։ Այս համատեքստում խոսելով բանակում կրթական համակարգի կատարելագործման մասին՝ նախարարը փաստել է, որ այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են մշակվում։ unnamed-12 Այնուհետև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները հաջորդաբար ներկայացրել են իրենց նախագծերը: Դրանք ներառում են կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության, սոցիալական, ճանաչողական և այլ ոլորտներ։ Գնահատման հանձնաժողովը «Գաղափարների մրցույթի» հաղթողին կորոշի 10-օրյա ժամկետում, և հաղթող ճանաչված նախագծի հեղինակին կամ հեղինակային խմբին կտրամադրվի 2 միլիոն դրամաշնորհ նախագիծը կյանքի կոչելու համար։