Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանդիպում կունենա Գյումրու «Շիրակ»-ում

Քաղաքականություն
karen-kara-1

ՀՀ կառավարությունը Սինգապուրի և Կանադայի կառավարությունների հետ նախատեսում է ստորագրել օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր: Գործադիրը համաձայնություն է տվել այդ համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Համաձայնագրերն ուղղված են օդային հաղորդակցությունների ոլորտում Սինգապուրի և Կանադայի հետ հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը: Ակնկալվում է, որ համաձայնագրերի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին այցելելու է Գյումրի և ՀՀ  ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարել է այցի մեկնարկային կետ նախատեսել «Շիրակ» օդանավակայանը:  «Գյումրիում քննարկելու ենք զբոսաշրջության հետ կապված լայնածավալ ծրագիր: Խնդրում եմ օդանավակայան հրավիրեք տնօրեններին, որովհետև կա պայմանավորվածություն, որ իրենք պետք է ներդրումներ կատարեն, քանի որ զբոսաշրջության  հոսքը Գյումրի մեծ է լինելու»,- ընդգծել է վարչապետը: Կառավարությունը համաձայնություն է տվել «ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ անդամ պետությունների գիտատեխնիկական ոլորտում հիմնարար հետազոտությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև հիմնարար հետազոտություններ իրականացնող կադրերի մասնագիտական պատրաստման որակի բարելավմանը, ազգային և միջազգային փորձի ուսումնասիրմանը: