Ամերիկա այցելող խաղաղ քաղաքացիները անհանգստանալու խնդիր չունեն. Սպիտակ տան խոսնակ
Այս երիտասարդները լավ գիտեն, ինչպես է իրականում աշխատում ժողովրդավարությունը: Հազարավոր մարդիկ անցած օրերին ԱՄՆ-ի քաղաքների փողոցներ էին դուրս եկել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նախագահ Թրամփի որոշման հետ, որով 90 օրով արգելվում է Միացյալ Նահանգներ մուտքը Իրաքից, Իրանից, Սիրիայից, Սոմալիից, Սուդանից, Լիբիայից եւ Յեմենից: Որոշման ընդդիմախոսները հայտարարում են, որ այն վախի մթնոլորտ է տարածում. «Թրամփի վարչակազմի գործողությունները Ամերիկայի արժեքները չեն», - նշում է բողոքի ցույցի մասնակից Բոբ Հանսոնը: Ամերիկացիների մյուս մասը, մարդիկ, ովքեր սատարում են նախագահ Թրամփի որոշումը, եւս ցույցի էին դուրս եկել: «Չի կարող լինել երկիր առանց սահմանների: Ես այստեղ ներկայացնում եմ Ամերիկայի մյուս մասը, Ամերիկային, որն ընտրել է Դոնալդ Թրամփին», - ասում է Թրամփի կողմնակից Ջիմ Մքդոնալդը: Անդրադառնալով խնդրին, նախագահ Թրամփն ընդգծել է, որ որոշումն առաջին հերթին թելադրված է անվտանգության նկատառումներից ելնելով. «Սա մահմեդականների նկատմամբ արգելք չէ: Սրանով մենք ցույց ենք տալիս մեր պատրաստականությունը: Այս որոշումը շատ լավ կգործի, ինքներդ կտեսնեք ու կհամոզվեք»: Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչները հիշեցնում են, որ խնդիրն անհամաչափ ուռճացված է. այսպես, մեկ օրվա ընթացքում, Միացյալ Նահանգներ ժամանած 325,000-ից ստուգման համար մեկուսացվել է 109 անձ: Վերլուծաբանների կարծիքով, ԱՄՆ-ի նախագահի որոշումները վկայում են բազմամշակութ հասարակության գաղափարի ճգնաժամի մասին, որը վերաբերում է նաեւ Եվրոպայի երկրներին. «Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներում բարդ իրավիճակ է: Մահմեդական փոքրամասնությունը արագ աճում է, մեծամասնության դանդաղ աճի տեմպերի պարագայում, ինչը բավականին տեսանելի է դառնում եւ բացասաբար ընդունվում», - նշում է Բրիտանիայի Թագավորական ինստիտուտի մասնագետ Թահիր Աբասը: Սպիտակ տան մամլո խոսնակ Շոն Սփայսերը հիշեցրել է, որ ամերիկացիների մեծամասնությունը, հարցումների համաձայն, սատարում է նախագահ Թրամփի որոշումը. «Այս երկիր այցելելն արտոնություն է: Մենք աշխարհի հզորագույն երկիրն ենք, եւ Ամերիկա այցելելու հնարավորությունն արտոնություն է, այլ ոչ թե իրավունք: Եւ մեր պարտականությունն ու նախագահի նպատակն է հավաստիանալ, որ այս երկիր այցելող բոլոր մարդիկ ցանկանում են խաղաղ վայելել այս երկրի հնարավորությունները»: