Արամ Սարգսյանը չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությունը (տեսանյութ)
Այս փուլում ձևավորվող դաշինքները տեխնիկական են և ուժերը մանդատ ստանալու նպատակ են հետապնդում։ Բացի այդ՝ չեն հնչում կոնկրետ ծրագրային դրույթներ, թե իշխանության գալուց հետո ինչ են անելու։ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի այս կարծիքը չի կիսում Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Ամեն անգամ ո՞նց նման անհեթեթությունների պատասխանեմ։ Ես եղել եմ պատգամավոր, Վիկտոր Դալլաքյանը չորս անգամ եղել է պատգամավոր, հիմա իմաստը ո՞րն է գնալ էլի էնտեղ նստել հենց այնպես։ Մեր խնդիրն ու նպատակը վաղուց հստակ ասված է՝ այո, այս համակարգի կազմաքանդման ժամանակը վաղուց եկել է և հիմա պետք է դա իրականացնել»,- ասում է նա։ Արամ Սարգսյանն անգամ իր հետ անգամ առաջիկա անելիքներով լի ծրագրային գրքույկ էր բերել մամուլի ասուլիսի. «20 կետից բաղկացած բանաձևում հստակ գրված է, թե ինչ ենք մենք ուզում անել այս երկրում։ Եթե այսպիսի մոտեցումներ ունեցող ևս մեկին կգտնեք, շատ ուրախ կլինեմ նրա հետ միավորվելու»։ Սեյրան Օհանյանի ու Վարդան Օսկանյանի շուրջ ձևավորվող դաշինքը Գագիկ Ծառուկյանի հետ այս պահին բանակցությունների մեջ չէ. «Ընդամենը հանդիպումներ են եղել, բանակցություններ չկան»։ Ծառուկյանի հետ համատեղ ընտրություններին մասնակցելը ևս չի քննարկվել դաշինքում։ Արամ Սարգսյանը հնարավոր է համարում այս ուժին չմիանալը. «Բոլորդ հասկանում եք, որ այնտեղ ձևավորվածների մի մասի պատկերացումները համակարգի ապամոնտաժման վերաբերյալ, շատ հնարավոր է՝ չհամընկնեն մեր պատկերացումներին»։ Արամ Սարգսյանն, այնուամենայնիվ, չի բացառում Գագիկ Ծառուկյանի հետ ինչ-որ մի փուլում համագործակցությունը. «Եթե մենք տեսնում ենք, որ այո, քայլերը հստակ են, նպատակներին գնալու ճանապարհներին իրենք էլ իրենց քայլերը կատարելու են, երևի թե համագործակցության հնարավորություն լինի»,- հավելեց Դեմկուսի նախագահը։