Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռերին» օժանդակելու գործով կալանավորվածը գրավի գումարը չունի (տեսանյութ)

Քաղաքականություն
azatyun-ev-hayreniq

«Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը մինչ լրագրողների հետ հանդիպումը  մտել է բանկ. «Ամեն մեկիս պարտքն է ուշադրության կենտրոնում պահել այն մարդկանց, որոնք տուժել են ապօրինությունների արդյունքում: Կամ անգամ եթե առկա է հանցակազմ,  նրանց ընտանիքներին անտերության մատնելու իրավունք չունենք»: «Սասնա ծռեր»-ի գործողություններից հետո ստեղծված   հիմնադրամը մինչ այս պահը տրամադրել է 5 մլն 905 հազար 900 դրամի օգնություն:  Ֆինանսական աջակցություն է տրամադրվել  քրեական գործերով անցնող 3 քաղբանտարկյալների՝ վճարելով 2 մլն 300 հազար դրամ՝  նրանց  խափանման միջոցը փոխելու համար: «Բոլորը օժանդակողներ են եղել՝ Մարտին Վարդանյան եւ Սարո Այվազյան: Հունվար ամսին փոխանցում է կատարվել Աշոտ Մուրադյանի ընտանիքին: Ընտանիքը կարողացել էր 700 հազար դրամը սեփական միջոցներով ձեռք բերել եւ պակասում էր 300,000 դրամը, որը տրամադրեց հիմնադրամը»,- ասում է  «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի տնօրեն Անի Կաղինյանը: Օգոստոսի 17-ին ստեղծված հիմնադրամը մինչեւ դեկտեմբեր ամսվա կեսերը կրել է Սասնա ծռեր անունը, սակայն հետագայում որոշվել է անունը փոխել. «Առաջացան որոշ անհասկանալի պահեր Սասնա ծռեր քաղաքական խորհրդի եւ մեր միջեւ, եւ որպեսզի դա չընկալվի նույն մարմինը, ունենանք մեր սեփական մարմինը, որը մտածում է բոլոր քաղբանտարկյալների մասին եւ ոչ թե մտածում է միայն Սասնա ծռերի մասին, անունը փոխեցինք»,- պարզաբանեց հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը: «Ազատություն եւ հայրենիք» հիմնադրամը կարեւորում է նաեւ Լոս-Անջելեսում նախորդ տարի կազմակերպված բարեգործական դրամահավաքը: Հավաքված 10 հազար  ԱՄՆ դոլարը բաժանվել է  հիմնադրամի ցուցակում հաշվառված 71 քաղբանտարկյալների ընտանիքներին։ Այսուամենայնիվ, գումարից հրաժարվողներ էլ են եղել: «Շանթ Հարությունյանի կինը հրաժարվեց գումարից՝ ի օգուտ Ալեք Պողոսյանի ընտանիքի, որը բազմանդամ ընտանիք է:  Կային, որ առանց պատճառի հրաժարվեցին: Չուզեցին մեզ հետ գործ ունենալ, դա արդեն իրենց գործն է»,- նշում է Ֆելիքս Հայրապետյանը: Իսկ այս պահին ցանկանում են օգնել  «Սասնա ծռերին» օժանդակելու մեղադրանքով կալանավորված Մանվել Աթոյանի ընտանիքին: Եթե դատարանը բավարարի նրան գրավով ազատ արձակելու միջնորդությունը՝ համապատասխան 1 մլն դրամը ընտանիքը չունի: Միջնորդությունը քննվելու է փետրվարի 3-ին: