«ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս Հովիկ Աբրահամյանի» (տեսանյութ)
Տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Կուսակցության մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին շտապեց տեղեկացնել. «Նիստը որոշում է կայացրել խորհրդի կազմից ազատել կուսակից այն ընկերներին, ովքեր որ ձյուն են դրել կուսակցությունից դուրս գալու համար: Պարով Հովիկ Աբրահամյանին, Հենրիկ Աբրահամյանին և Արարատի նախկին մարզպետ Ռուբեն Աբրահամյանին ազատել խորհրդի անդամի պաշտոնից և մեր Արարատի կառույցի ղեկավար, ԱԺ պատգամավոր տիկին Կարինե Պողոսյանին ազատել խորհրդի անդամի պաշտոնից՝ հաշվի առնելով իրենց դիմումը՝ դուրս գալ ՀՀԿ-ից» : Իսկ ինչ վերաբերում էՀՀԿ պառլամենտական ընտրությունների նախընտրական ծրագրին, ապա այն ըստ մամլո խոսնակի, պատրաստ կլինի հաջորդ շաբաթ: Լրագրողներին այնուամենայնիվ հետաքրքրում էր Հովիկ Աբրահամյանի և նրա շրջապատի ՀՀԿ-ից դուրս գալու մասին կուսակցության արձագանքը: «Իրենք են իրենց ճակատագրի դարբինը», -պատասխանեց Շարմազանովը, շնորհակալություն հայտնելով նրանց՝ կուսակցության մեջ կատարած գործունեության համար: «Սա բնականոն գործընթաց է: Յուրաքանչյուր քաղաքացի ազատ է անդամակցելու այս կամ այն կուսակցությանը: ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, ՀՀԿ-ին և անդամագրվում են, և դուրս են գալիս, և արտահոսք կա, և ներհոսք կա, բայց դա անհամաչափ է: Բնականաբար, արտահոսքը շատ ավելի քիչ է, քան ներհոսքը»: Այն հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ՀՀԿ-ն խնդիրներ կունենա Արարատում ձայներ ստանալու առթիվ, ՀՀԿ խոսնակն ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ՀՀԿ-ն խնդիրներ կունենա, որևէ մեկն ակնկալում է, որ ՀՀԿ-ն 100 տոկոս ձա՞յն կունենա: Շատ նորմալ է, որ հանրության մի մասը ընտրում է այս կուսակցությանը, մեկը՝ այլ: Մենք ազատ քաղաքական մրցակցության կողմնակից ենք: Անկախ նրանից՝ մեր օպոնենտը նախկին ՀՀԿ-ական է, նախկին պաշտոնյա է, թե նախկին ընդդիմադիր»: Հետևյալ հարցին, թե Արարատի ՀՀԿ կառույցի ղեկավարի պաշտոնում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի նշանակումը նպատակ ունի՞ նվազեցնել Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը Արարատի մարզում, Շարմազանովն այսպես պատասխանեց. «ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում՝ առավել ևս Հովիկ Աբրահամյանի, մենք ընդդեմ չենք, մենք հանուն ենք՝ անկախ նրանից, թե որ քաղաքական դաշտում կլինեն ձեր նշած քաղաքական գործիչները՝ մենք ունենք մեր քաղաքական ծրագիրը»: