Դատարան կհրավիրվի Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի գործով դատարան պետք է հրավիրվի նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Պաշտպանական կողմն առաջիկայում նման միջնորդություն է ներկայացնելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Հիշեցնենք, որ նախորդ դատավարություններից մեկի ժամանակ նման միջնորդությամբ հանդես էր եկել նաև Արարատ Խանդոյանը, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել էր, որ միջնորդությունը ժամանակին չի արված։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել գալ դատարան և ցուցմունք տալ։ Արդեն 7 ամիս անազատության մեջ գտնվող Արարատ Խանդոյանը մեղադրվում է ոստիկանի վահանը քաշելու մեջ։ Սակայն դատարան դատակոչված բոլոր ոստիկան-վկաները նշում են, որ Խանդոյանին չեն տեսել Վահանը քաշելիս։ Այս մասին այսօր հայտարարեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ նաև հունվարի 26-ին Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող պաշտպանյալին պատժախուց տեղափոխելուն և նշեց, որ ՔԿՀ-ն պարզապես պատվեր է կատարում, քանի որ բուժման մեջ գտնվող Արարատ Խանդոյանին արդեն 2-րդ անգամ տեղափոխում են նման պատժախուց։ «Ճնշման միջոց է, ցանկանում են նրան լռեցնել և ասել, որ անպատժելիության մթնոլորտ է տիրում»,- նշեց Արա Ղարագյոզյանը։ Պաշտպանը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտե։