«Սիրուհիների ինստիտուտի մասին հատուկ կարծիք կարող է ասել ՀՀԿ-ն» (տեսանյութ)
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը եւ Ստեփան Մարգարյանը հանձնաժողովի քննարկմանն են ներկայացրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Տիկին Վարդանյանի ներկայացմամբ` առաջարկվում է ավտոկայանատեղերի համար նախատեսված վճարները չկատարելու համար 5000 դրամի տուգանքը նվազեցնել եւ սահմանել 1000 դրամի վճարում։ Նախագիծն ընդունվեց ԱԺ մեծ օրակարգ։ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ հանձնաժողովին ներկայացրեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը։ Ըստ նրա` այս նախագծի հանրային պահանջը վաղուց կար եւ ավելի արդիական դարձավ 1000 դրամների նախագծից հետո, երբ հայտարարվեց, թե բյուջեում փող չկա. «ՀՀ իշխողները տարիներ շարունակ իրականացրել են ազգային հարստության ոչ արդյունավետ կառավարում, ավելին` թալան։ Այս հանձնաժողովի միջոցով պարզ կլինի` ով, ինչ միջոցներով է կուտակել հարստություն, ունեցվածք, եւ դրանց ծագումնաբանության հարցը մտցնենք քաղաքական օրակարգ։ ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու այդ մասին, թե որքանով են դրանք օրինական»։ Ըստ նրա` բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերում չեն նշվում տվյալ անձի բարեկամների, հարազատների ունեցվածքը, որոնք փոխկապակցված անձինք են համարվում. «Պաշտոնատար անձը պետք է նոտարով հաստատված լիազորագիր տալ, որ ՀՀ ցանկացած քաղաքացի աշխարհի ցանկացած վայրում կարողանա ստուգել նրա բանկային հաշիվներն ու ունեցվածքը։ Եթե այդ բարձրաստիճան պաշտոնյաներն ի վիճակի չեն բացել իրենց հաշիվների մասին տեղեկությունները, ապա իրավունք չունեն զբաղեցնել այդ պաշտոնը»: ՀՀԿ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հիշեցրեց, որ ԱԺ-ն վերջերս ընդունել է Ապօրինի հարստացման մասին օրենքը, որը կարգավորում է այդ հարցերը. «Չեք կարծում, որ ժամանակը չէ այս նախագծի քննարկման համար»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այն հետադարձ ուժ չունի. «Քրեական օրենսգրքում դրա համար նախատեսված է պատասխանատվություն։ Իսկ այս հանձնաժողովով հանցակազմի ու պատժի մասին չենք խոսում։ Օրինակ` Սերժ Սարգսյանի եղբայրը ՀՀ բոլոր բիզնեսներում 50 տոկոս մասնաբաժին ունի։ Հիմա հանրությունը պետք է այդ մասին իմանա տեղեկություններ։ Նույնն էլ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, որը, ըստ մամուլի, 4 մլրդ դոլարի հարստություն է կուտակել։ Լեգենդներ են պտտվում նախկին Ֆիննախ Գագիկ Խաչատրյանի հարստության մասին, կամ նույն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին։ Նույնը վերաբերում է մեզ` պատգամավորներիս, թե այս տարիների ընթացքում գույքային ինչ փոփոխություններ ենք ունեցել։ Մամուլի հրապարակումները, ասում են, քրեական պատասխանատվության առիթ կարող են լինել, սակայն Միհրան Պողոսյանի դեպքում տեսանք` առիթ դառնում է, սակայն կարճվում է գործը, ըստ էության ընտրական գործընթացի ենթատեքստում։ Այդ զոքանչների ինստիտուտը պետք է վերացնել»: «Սիրուհիների ինստիտուտը բա»,- արձագանքեց Լեւոն Մարտիրոսյանը։ «Դրա մասին ՀՀԿ-ն հատուկ կարծիք կարող է ասել, քանի որ կան նաեւ սիրուհիների ունիվերսալ ինստիտուտ»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց. «Ինչքան ժամանակ է պետք ձեր ասած էդ-էդ-էդ մարդկանց ստուգելու համար»: «Կախված է նրանից, թե ինչքան գույք ունեն, ինչքան առուփախ է եղել»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։ «Չասինք`Կոլոմբոսի ճանապարհորդությունն է»,-նկատեց Հովհաննես Սահակյանը։ «Ստուգումները փուլային են լինելու, քանի որ օրինակ` հնարավոր է շվեյցարական բանկերի հաշիվներն էլ ստուգվեն։ Այդ պատճառով կպահանջվի մոտավորապես 6-7 ամիս»: «Շնորհակալություն` անկեղծ պատասխանի համար,-ասաց Հովհաննես Սահակյանը` ավելացնելով,-Խորը պոպուլիզմով չզբաղվեն, եկեք ձեր նախընտրական օրակարգը չձեւավորենք»: Իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Սահակյանի խոսքից ենթադրում է, որ ՀՀԿ-ն իր ներսում ունի երկիրը թալանածների թոփ տասնյակ. «Սերժ Սարգսյանը երեւի նման ուստանովկա է տվել ձեզ, որ անընդհատ ասեք, թե ես ինչ-որ կապեր ունեմ ձեզ հետ։ Նույնիսկ ակնոցով դա հնարավոր չէ տեսնել։ Ստացվում է` եթե մեկն ուզում է մյուսին վատություն անի, ասում է` իշխանությունների մարդն ես։ Այիսինքն, ՀՀԿ-ի հետ կապ ունենալը նմանվում է բորոտի կամ սուր վարակիչ հիվանդության։ Դա է ձեր գնահատականը։ Եթե ուշադիր նայեք իմ դեմքին, ապա կտեսնեք, որ ես բորոտության ոչ մի սիմպտոմ չունեմ»: «Պարոն Փաշինյան, դուք ահավոր կանխատեսելի եք դարձել, դրա համար գիտենք` ինչ եք անելու։ Քանի որ նախընտրական շրջան է, չեմ ուզում ձեր տրամադրությունը փչացնել. ժողովուրդն ամեն ինչ տեսնում է։ Այս նախագիծն ընդամենը նախընտրական օրակարգի մաս էր»: Մեկ կողմ, հինգ դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանի նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ։ Ի դեպ, կողմը Գագիկ Ջհանգիրյանն էր։