Նախարար Արամյանը կմասնակցի քարոզարշավին
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով «Գնումների մասին» օրենքի փոփոխություններին և մասնավորապես հարցին՝ հնարավո՞ր է, որ պետական գնումների մրցույթին մասնակցեն օֆշորային ընկերություններ, լրագրողների հետ հանդիպմանը ասել է. «Տեսականորեն այո, գործնականում նման դեպքերի չենք հանդիպել։ Նման դեպքերով զբաղվում է նաեւ ԱԱԾ-ն։ Դա իսկական գլխացավանք է աշխարհի բոլոր երկրների համար։ Նմանատիպ ռիսկ միշտ էլ կա։ Դա այլ գործիքակազմով պետք է չեզոքացնենք»։ Ինչ վերաբերում է դեղերի ոլորտում իրականացվող գնումներին, որտեղ ըստ օրենքի՝ ցածր գներով պետք է ձեռքբերվի ապրանքը, մինչդեռ փորձաքննության արդյունքներով ցածր գներով ձեռք բերված դեղորայքը որակյալ ու արդյունավետ չէ, նախարարը անկեղծորեն նշեց, որ դժվարանում է պատասխանել, սակայն կան լուծման տարբերակներ, որոնք կարող են էֆեկտիվ լուծումների բերել: Նախարար Արամյանն անդրադարձավ նաեւ քաղաքական թեմաներին՝ խոսելով առաջիկա ընտրություններին իր մասնակցության եւ դերակատարման մասին. «Ընտրությունների մասով ոչինչ չեմ կարող ասել. ՀՀԿ որոշում չի կայացվել»։ Արդյոք Վարդան Արամյանը կհամաձայնի՞ քարոզարշավի ժամանակ գյուղից գյուղ, մարզից մարզ գնալ. «Երբեք չեմ զլացել գնալ գյուղեր, քաղաքներ: Եթե կուսակցությունը որոշի աշխատանքի այդ ձեւաչափը, այդպես էլ կվարվենք, թեեւ գիտեք՝ նախարարի ժամանակը սահմանափակ է՝ 14-16 աշխատանքային ժամանակահատված: Եթե առավոտից երեկո ժամանակը տրամադրվի քարոզարշավին, ապա դա սխալ կլինի: Կմասնակցեմ քարոզարշավին աշխատանքից հետո՝ իհարկե, առանց վտանգելու իմ աշխատանքը»: Նա նաեւ վստահեցրեց, որ իրենց նախարարությունում կուսակցական ուղղորդումներ կամ աշխատակիցների անձնագրերի հավաքում, ցուցակների կազմում չկա: