Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտրություններին լինելու է պայքար հարուստների եւ շատ հարուստների միջեւ (տեսանյութ)

Քաղաքականություն
Norayr

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների մեխը եւ կուսակցությունների  հաղթանակի սուրը գտնվելու է տարածքային ընտրական ցուցակներում։ Այդ ցուցակներում առաջադրված անձինք էլ դառնալու են ընտրությունների լոկոմոտիվը, որոնք ապահովելու են իրենց կուսակցությունների ձայները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։ Նա ընդգծում է, որ այսպես կոչված ռեյտինգային ընտրությունը քողարկված մեծամասնական համակարգն է, որի պայմաններում պատուհան է բացվելու, որ ահռելի ֆինանսական միջոցներ ունեցող կասկածելի անձինք թելադրելու են իրենց  խաղի կանոնները։ «Մեծ հաշվով, սա պայքար է լինելու հարուստների եւ շատ հարուստների միջեւ։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում գաղափարները ոչ միայն պարտություն են կրելու, այլեւ առհասարակ, որեւէ տեղ չեն ունենալու»։ Փաստաբանը ընդգծեց նաեւ, որ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, բացառությամբ ԱԺ պատգամավորների, իրենց լիազորություններն իրականացնելու ընթացքում իրավունք չունեն  իրականացնելու իրենց կուսակցության քարոզչությունը, սա նաեւ վերաբերում է ՀՀ նախագահին։ «Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային օրը սկսվում է առավոտյան ժամը 9-ին մինչեւ 18.00։ Դրանից հետո միայն նշված անձինք կարող են իրականացնել քարոզչություն»։ Նա նաեւ ընդգծեց, որ ՀՀ գործող սահմանադրությամբ վարչապետ Կարեն Կարապետյանը չի կարող առաջադրվել  ԱԺ պատգամավորի թեկնածու, քանի որ Սահմանադրության համաձայն առաջադրվել կարող են վերջին 4 տարիներին ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ 4 տարվա ընթացքում առնվազն 731 օր Հայաստանում մշտապես բնակվող անձինք։ «Կարեն Կարապետյանը չի կարող առաջադրվել ՀՀ ԱԺ պատգամավոր, քանի որ նա վերջին 4 տարիներին՝ 2011 –ից մինչեւ 2015 թ-ի սեպտեմբեր ամիսը գտնվել է ՌԴ-ում»։