«Սա լինելու է ընտրություն Աստծո եւ Մամոնայի միջեւ» (տեսանյութ)
Դաշնակցությունը գնում է առանձին ցուցակով, որեւէ դաշինքների մեջ չի մտնելու: Դաշնակցության ցուցակում կլինեն նաեւ ոչ դաշնակցականներ: Կուսակցությունը միայն մարդու անդամության վրա չի կենտրոնանում։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց՝ ՀՅԴ-ն ընտրություններում ավելի շատ պետք է ունենա համակիրներ, քան անդամներ: Պարոն Ռուստամյանը վստահեցնում է, որ Դաշնակցության էլեկտորատը կայուն է, ստանում է այնքան քվե, որքանի որ հավակնում է. «Եվ էդ առումով բոլոր ընտրություններում, ովքեր որ հայտարարել են անգամ այնպիսի տասնյակ հազարավոր, հարյուր հազարավոր անդամներ, հետո պարզվել է, որ իր անդամների թվով ձայներ չի կարողանում հավաքել»: Հայ Ազգային Կոնգրեսն այս ընտրություններից սպասում է պատերազմ, դա կլինի փողի եւ արդարության կռիվ։ «Սա լինելու է ընտրություն Աստծո եւ Մամոնայի միջեւ»,- ասում է Լևոն Զուրաբյանը: Այս պատերազմում ոչ ոք, ըստ Լեւոն Զուրաբյանի, իրավունք չունի ասելու, թե, միեւնույն է, իշխանությունը հաղթելու է յուրաքանչյուրի քվեից անկախ, վերցրած կամ չվերցրած ընտրակաշառքից անկախ. «Ոչ, իրենք իրենց ուզած արդյունքը այս անգամ կարձանագրեն մատյաններում միայն այն դեպքում, եթե դուք ընտրություն կատարեք հօգուտ մամոնայի, ծախեք ձեր հոգին»: Հոգին ծախելու մասին արդեն մամուլում տեղ գտած տեղեկությունները հետաքրքրել են հանրապետականին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է. «Եթե լինեն նմանատիպ առաջարկություններ, թող վերցնեն եւ հայտնեն լրատվությանը: Մեզ էլ է շատ հետաքրքիր»: Պարոն Բաղդասարյանն, իհարկե, չի բացառում, որ կլինեն ընտրակաշառքներ բաժանելու փորձեր: Դրանք արջի ծառայություններ են: Պատգամավորը հրաժարվեց ասել, թե ՀՀԿ համամասնական ցուցակում ո՞ր տեղն է զբաղեցնելու կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եւ արդյո՞ք նա ընդհանրապես կլինի ցուցակում. «Բավականին համբերել եք, երկու օր էլ համբերեք, ինչու՞ եք շտապում»: Ի դեպ, պարոն Բաղդասարյանը վստահեցրեց, որ Հանրապետականն ընտրությունների կգնա քաղաքական դեմքով: Սակայն չի ասի, թե այնտեղ տեղ կգտնեն կամ չեն գտնի Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը. «Տարածքային ցուցակներում գտնվող մարդկանց պետք է գնահատականը տա հանրությունը»: Պատգամավորի կարծիքով հենց հանրությունը պետք է զգոն լինի, որպեսզի իր քվեն տա այն մարդուն, որը երկրի հետ է կապում իր ապագան: