Նախկին ոստիկանները՝ դիտորդներ. նրանց կօգնեն Միլսն ու Սվիտալսկին
Կառավարության տան նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության 5-րդ համագումարը։ Ընտրվեց դրա ղեկավար կազմը։ Կազմակերպության նախագահ Գրիշա Սարգսյանը հայտարարեց՝ իրենք անմասն չեն մնալու առաջիկա քաղաքական գործընթացներից և սատարելու են քաղաքական ուժերից մեկին։ Օրերս տեղի կունենա հրամանատարների հավաք, որը քվեարկությամբ կորոշի այդ հարցը։ «Ա1+»-ի հետ զրույցում Գրիշա Սարգսյանն ասաց, որ այդ ուժը լինելու է ոչ իշխանական ճամբարից։ Մեր տեղեկություններով՝ խոսքը գնում է «Ծառուկյան» դաշինքի մասին։ Պարոն Սարգսյանը չհաստատեց սա, և խորհուրդ տվեց սպասել 2-3 օր։ Վերջինս քննադատեց իշխանություններին՝ երկրում առաջացած ծանր վիճակի համար։ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միությունը դրանից զատ, ապրիլի 2-ին նաև դիտորդական առաքելություն կիրականացնի։ Գրիշա Սարգսյանի խոսքով՝ այդ հարցում իրենց օգնելու են Հայաստանում ԵՄ Պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ 200-ից ավելի դիտորդ արդեն իսկ վերապատրաստվել է՝ առաքելությունն իրականացնելու համար։